Մամուլ

Նաիրի Հունանյանը երգում է և հեծանիվ վարում

Նաիրի Հունանյանը երգում է և հեծանիվ վարում

Hraparak.am-ը գրում է․ Դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին անկախ պատգամավոր Բաբաջանյան Արմանը որոշել էր այցելել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին։

Ապա հայտարարեց, որ երկու ժամանոց հանդիպում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, զրուցել նրա հետ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մանրամասների, դրդապատճառների մասին, որ Հունանյանը սթափ, ադեկվատ վիճակում է եւ կարող է աջակցել գործի ամբողջական բացահայտմանը։

Տարակուսելի էր, իհարկե, որ ԱԱԾ-ն թույլ էր տվել պատգամավորին՝ այցելել ոճրագործին, որի հետ հանդիպելու ցանկություն դրանից առաջ եւ հետո շատերն էին հայտնել, բայց մերժվել էին։

Բաբաջանյանի այցից հետո դատախազությունը բավարարեց զոհերի իրավահաջորդների դիմումը եւ վերսկսեց անջատված մասի քննությունը՝ «27»-ի կազմակերպիչներին բացահայտելու համար։ 

Նաիրի Հունանյան

Քննությունը, բնականաբար, նոր ապացույցներ ձեռք բերել չկարողացավ, եւ ինչ-որ ժամանակ անց մարդիկ կրկին մոռացան դրա մասին՝ անգամ զոհվածների հարազատները։

Սակայն մեզ Նաիրի Հունանյանի բանտային կյանքի մասին ուշագրավ դրվագներ են պատմել։ Նա արդեն 21 տարի է՝ ԱԱԾ կալանավայրում է, ինքն ու եղբայրը՝ Կարեն Հունանյանը, մենախցերում են նստած։

Երբեմն միջանցքով մեկ իրար ձայն են տալիս, խոսում միմյանց եւ մյուս կալանավորների հետ։ Ամեն օր Նաիրիին զբոսանքի են տանում՝ կալանավայրի վերջին հարկում, առանձնացված տարածքում, որտեղ նա հեծանիվ է վարում։ Ասում են՝ այնպես է վարում, որ հեծանվի պտուտակները ստիպված են լինում անընդհատ ձգել։

Ասում են՝ ՔԿՀ աշխատողների կողմից բավականին քամահրական վերաբերմունքի են արժանանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործները։ Նաիրին նաեւ վաղ առավոտյան կրոնական երգեր է երգում՝ շարականներ, եւ մյուս կալանավորները բողոքում են, որ չի թողնում քնել։

14 խուց կա ԱԱԾ կալանավայրում, որոնցից միայն երկուսն են հարմարավետ։ Կալանավայրից նոր ազատված անձը մեզ պատմեց, որ ամենավատ խցում պահել են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ ամենաչոր ներքնակն էլ նրան են տվել, որ մեջքի խնդիրներ ունեցող Խաչատրյանը քննիչների պահանջները կատարի։

նաիրի հունանյան

Ի դեպ, կալանավայրում շատ տարբեր է վերաբերմունքն այնտեղ գտնվող անձանց նկատմամբ․ մարդիկ կան, որոնց պահման պայմանները հատուկ հրահանգով խստացնում են կամ, հակառակը՝ բարելավում։ Այդ հրահանգները վերեւից են իջեցնում։

Ի դեպ, մի մանրամասն էլ մեզ պատմեցին․ սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ լուսահոգի Գրետա մայրիկը, մինչեւ կյանքի վերջը պարբերաբար այցելել է բանտ, որ համոզվի՝ Նաիրին տեղո՞ւմ է, կենդանի՞ է, իսկապես կրո՞ւմ է պատիժը, ի՞նչ պայմաններում է կրում, թե՞ նրան թաքուն ազատ են արձակել։ Նման լուրեր ժամանակին շատ էին շրջանառվում։

Տիկին Գրետային ուղեկցել են մեկուսարան, որտեղ պահվում է Նաիրի Հունանյանը, բացել են դռան վրա գտնվող պատուհանիկը՝ վալչոկը, որ նայի եւ համոզվի՝ Նաիրին շարունակում է կրել պատիժը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով