Մամուլ

«Մտա զուգարան, այնտեղ ծեծում էին, րոպեներ անց նա մահացավ». Ականատեսը՝ «պրիվետ, Ռոբ» ողբերգական դեպքի մասին

«Մտա զուգարան, այնտեղ ծեծում էին. րոպեներ անց նա մահացավ»։ Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը, ներկա է նաև շոտլանդացի Ստիվեն Նյուտոնը, ով ականատես է եղել 2001-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությանը: Նա եկել է բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի:

«Ես իմ ընկերների հետ էի այդ օրը. ճաշ էինք պատվիրել: 2001 թվականն էր: Այդ օրը Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը մտան «Պապլավոկ» և բոլորը շատ երջանիկ էին, երբ տեսան Ազնավուրին…: Երկու անձ մոտեցան Քոչարյանին, երբ որ նա արդեն գնում էր: Նրանք կարծես իր գյուղից էին: Այդ ժամանակ Քոչարյանը գնում էր իր թիկնապահների հետ: Թիկնապահները հետո ետ եկան:

Ես այդ ժամանակ գնալու էի երկրից, բայց ստիպված էի միջամտել, որովհետև կինս ասաց, որ թիկնապահները սպանելու են այդ մարդուն: Ես մտա զուգարան, այնտեղ երկրորդին ևս ծեծում էին. թիկնապահներից մեկին ես հետ հրեցի: Հետո իմացա, որ թիկնապահի անունը Կուկու էր:

Մյուս անձի մարմինը զուգարանից դուրս էր գտնվում և ակնհայտ էր, որ լուրջ ծեծի էր ենթարկվել, որովհետև գլուխը ուռել էր: Րոպեներ անց նա մահացավ: Ես աստիճաններով բարձրացա և տեսա, որ կինս եկել է իմ ետևից, որովհետև անհանգստացած էր: Աստիճանների գլխին տեսա նախարար Դավիթ Հարությունյանին: Ես ասացի, որ անմիջապես ձերբակալեն այդ անձանց, սակայն նա իր հեռախոսն անջատեց դրեց գրպանը և հեռացավ այդտեղից»,- պատմում էր ականատեսը:

Մանրամասները՝ armtimes.com-ի տեսանյութում:

Share