Շոու-բիզնես

«Միսս Երկիր» ընթացիկ մրցույթում Հայաստանի 25-ամյա ներկայացուցիչ Հռիփսիմե Սարգսյանը գրավել է երկրորդ տեղը

«Միսս Երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորութամբ։ Սա գեղեցկության այն մրցույթներից է, որտեղ աղջիկները արտաքին տվյալներից զատ պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, այդ թվում, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։ Մրցույթի հաղթողը դառնում է ՄԱԿ-ի ներկայացուցիչը մոլորակի մարդկային միջավայրի պահպանման ծրագրերի մշակման գործում (UNEP)։

Վերջինս «Միսս Երկրում» գրանցել է Հայաստանի համար առայժմ լավագույն և միակ արդյունքը՝ ընթացիկ «Միսս Ազգակցություն» մրցույթում զբաղեցնելով երկրորդ տեղն ու արժանանալով արծաթե մեդալի։

Ներկայումս «Միսս Երկիրը» դեռ ընթացքի մեջ է։ Tert.am Life-ը զրուցել է Հռիփսիմեի պրոդյուսերի՝ Յանա Գրիգորյանի հետ, ով հանդիսանում է գեղեցկության միջազգային մի շարք մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։

Հռիփսիմե Սարգսյան

«Սա աշխարհի լավագույն մրցույթներից մեկն է և ունի նույն վարկանիշը, ինչ «Միսս Տիեզերքն» ու «Միսս Աշխարհը»։ Հռիփսիմեին հաջողվեց 90 երկրի ներկայացուցչի միջից զբաղեցնել երկրորդ տեղը, ինչը ձեռքբերում է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար։ Նա ունի 9 գեղեցկության մրցույթի մասնակցության փորձ, մասնակցել է նաև Հայաստանի ազգային մրցույթին, որտեղ 2018 թվականին դարձավ առաջին Վիցե միսս Տիեզերք-Արմենիա»,- ասաց Յանան։

Նրա խոսքով՝ չնայած վերջին տարիներին գեղեցկության չափանիշները փոխվել են, համակերպվել են մտքի հետ, որ աղջիկները կարող են դիմած լինել պլաստիկ միջամտության, Հռիփսիմեն արտաքին որևէ փոփոխություն չի արել։ «Ես պարբերաբար ներգրավված եմ լինում գեղեցկության մրցույթների ժյուրիի կազմում և նկատում եմ, որ շատերը դիմել են պլաստիկ միջամտությունների։ Ըստ իս՝ դա ճիշտ չէ, նույնն է, որ սպորտսմենը դոպինգ ընդունի։ Հռիփսիմեն չի դիմել պլաստիկ որևէ միջամտության,- ասաց Յանան ու հավելեց,- Իր այս ձեռքբերման համար Հռիփսիմեն շատ ուրախ է։ Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատում է և տրամադրված է լավագույն արդյունքի, հնարավոր է, եզրափակչում էլ որևէ արդյունք ունենանք»։

Նշենք, որ Հռիփսիմեն վերջին ամիսներին համագործակցում է հնդկական մոդելային կազմակերպության հետ։

Հռիփսիմե Սարգսյան

«Մենք պատրաստվում ենք հեղինակավոր մեկ այլ մրցույթի, սակայն այդ մասին բարձրաձայնել դեռ չեմ կարող, ամեն ինչ պարզ կլինի «Միսս Երկրի» եզրափակչից հետո։ Եթե անգամ Հռիփսիմեն չհայտնվի նախագծի եզրափակչում, սա իսկապես մեծ ձեռքբերում է մեր երկրի համար։ Շատ բարդ է մասնակցել նմանատիպ մրցույթների՝ արդեն մեկ ամիս է՝ աղջիկներն այնտեղ են և աշխատում են գերհագեցած գրաֆիկով։

Քանի որ մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ, նրանք մասնակից են դառնում մի շարք բարեգործական ծրագրերի, տարբեր էկո նախագծերի։ Համագործակցում ենք նաև FashionTV-ի հետ, իրենք ևս ունեն մրցույթ, որին, հուսով եմ, կկարողնանք մասնակցել։ Այս տարի վիզայի խնդիր կար, ինչի պատճառով չկարողացանք մեկնել»,- նշեց նա։

«Միսս Երկիր 2019»-ը տևում է 30 օր, այդ ընթացքում աղջիկները մասնակցում են մրցութային տարբեր փուլերի, որոնք, ըստ Յանայի, ևս շատ կարևոր են։ «Յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է առանձին մրցույթ՝ իր բոլոր կանոններով ու պարտադիր դեֆիլեով։ Վերջում ընտրում են լավագույն եռյակին՝ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ։ «Միսս Ազգակցություն» (Miss Congeniality) մրցույթում 90 երկրի ներկայացուցչից Հռիփսիմեն ընդգրկվեց լավագույն եռյակում և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Դրամական որևէ մրցանակ չի ստացել, սակայն կոչումն արդեն շատ կարևոր է»։

Հռիփսիմե Սարգսյան

Յանայի խոսքով՝ գեղեցկության մյուս մրցույթներից այս մեկը տարբերվում է իր բովանդակային կողմով։ «Մինչև մրցույթին մեկնելը մենք շատ քիչ ժամանակ ենք ունեցել, քանի որ Հռիփսիմեն Հնդկաստանում երկարացրել էր իր պայմանագիրը։ Եվ մեր ունեցած սեղմ ժամանակում հասցրեցինք նկարահանել հոլովակ՝ բարձրացնելով Սևանի խնդիրը։ Այնտեղ այդ հոլովակը ցուցադրվելու և քննարկվելու է։ Մրցույթը դեռ շարունակվում է։ Եզրափակիչ փուլը հոկտեմբերի 26-ին է, ընտրելու են թոփ 16-ին, հետո թոփ 5-ին։ Նրանք աղջիկներին ընտրում են ըստ բնության տարերքների՝ կրակ, ջուր, օդ, հող և հիմնական հաղթողը»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում