Մամուլ

Մի՛ տխրիր, մի՛ արտասվիր, ուժ գտիր մեջդ ու հեռացիր այն նախկին ռեժիմից, որին սատարել ես․ Հուզիչ նամակ՝ Արփինե Հովհաննիսյանին

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ազդել է ոչ միայն քաղաքական դաշտի վրա, այլև, որ ցավալի է, նաև մարդկային հարաբերությունների: Օրեր առաջ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ պատրաստվում է դատի տալ բոլոր նրանց, ովքեր կվիրավորեն իրեն: Ի դեպ, Հովհաննիսյանը դատի կտա նաև այն բոլոր լրատվամիջոցներին, որոնց հրապարակումների մեկնաբանություններում օգտատերերը կվիրավորեն Հովհաննիսյանին:

Այն, ինչ ցանկանում եմ ասել այս տողերով, հավատացնում եմ՝ դժվար է ինձ համար: Դժվարությունն ունի իր սուբյեկտիվ պատճառը: Սիրելի՛ ընթերցող, ես Արփինե Հովհաննիսյանի ուսանողն եմ, ավելին՝ ուսանելու տարիներից հետո ոչ միայն եղել եմ նրա նախկին ուսանողը, այլ նաև ընկերն ու մտերիմը: Մենք մտերիմ ենք եղել թե՛ Սերժի օրոք, թե՛ Նիկոլի, հույս ունեմ՝ ընկերներ կլինենք նաև հետագայում եկող այլ համակարգի օրոք: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մեզ սովորեցնում էին լրագրության ժանրեր, որոնցից մեկը շատ հազվադեպ է կիրառվում: Այդ ժանրը կոչվում է լրագրողական նամակ: Կարող եք սա համարել հենց այդպիսին:

Սիրելի Արփինե, հարգելի ընկեր Հովհաննիսյան, ծանր է ինձ համար տեսնել այն ամենը, ինչ կատարվում է քո անձի շուրջ: Ծանր է, որովհետև քեզ օգնել չեմ կարողանում, իսկ ընկերներն իրար օգնելու պարտավորություն ունեն: Եթե կարողանայի քեզ օգնել այս ծանր ու դժվարին ճանապարհին, այս աստիճան տխրություն երբեք չէի ունենա: Հիմա խոսենք այն մասին, թե ինչո՛ւ է ստեղծվել նման իրավիճակ:

Պատճառը շատ պարզ է ու տեսանելի: Այն ուժը, որի մասնիկ եք դուք, դարձել է ամպ, գորշ ու կարկտաբեր ամպ երկնքի ու ժողովրդի միջև: Ժողովուրդը՝ քեզ ու ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ, ուզում են նայել պարզ ու կապույտ երկնքին, բայց նրանց խանգարում է նախորդ այն համակարգը, որի մասնիկն եք նաև դուք:

Իսկ ի՛նչ են անում ամպը՝ պրակտիկայում: Հակակարկտային կայանքներով ցրում են, որ կարկուտ չգա իրենց գլխին, իրենց բերք ու տանիքին: Իսկ ամպը ցրվելու է, սա վստահաբար եմ ասում, եթե, իհարկե, քո կուսակցության ղեկավարը կարկուտ չբերի ազգի գլխին: Կարկուտ բերելուց հետո էլ ամպը կցրվի, բայց վնասված բերքն ու տանիքները, քանդված տները կմնան պատմության մեջ որպես դավաճանություն:

Տարիներ շարունակ բոլորը խոսել են անարդարության, բանդիտիզմի, թայֆայության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի ու գողապետության մասին: Ու ձեր համակարգը, որ ղեկավարում էր երկիրը, երբեք չցանկացավ հանել երկիրն այս վիճակից, ավելին՝ ձեր համակարգն անձամբ էր հովանավորում այդ իրավիճակն ու մնում ցավին անտեղյակ, դավին՝ անտարբեր: Ու մի օր էլ պատահեց այն, որ մի ամբողջ ժողովուրդ ոտքի ելավ և որոշեց ցրել այդ համակարգը: Մենք՝ ես, դուք, ձեր շատ կուսակից ընկերներ ու մի ամբողջ ժողովուրդ գերին ենք այս իրավիճակի: Ստացվել է այնպես, որ կա երկունք, բայց չկա ծնունդ, կա իրավիճակ, բայց չկա լիցքաթափում:

Սա ամենասարսափելի իրավիճակն է: Անորոշ ու տաղտկալի իրավիճակ: Ու այս ամենի ֆոնին դուք՝ հանուն Սերժ Սարգսյանի և նրա մի քանի մերձավորների, ինքներդ ձեզ դնում եք ցավի ու դավի տակ, չգիտակցելով, որ գործ ունեք եսասեր առաջնորդի հետ, ով հեռացավ անաղմուկ, հեռացավ ու ձեզ մղեց առաջին բերան: Մի՞թե դժվար է հասկանալ, որ ձեր շախմատիստը ձեզ «ժերտվա» է տալիս: Եթե պետք էր պայքարեր, թող չգնար, իսկ եթե գնացել է, հարց տվեք Ձեզ՝ ինչո՞ւ, հանուն ո՞ւմ եք դուք մնացել:

Չե՞ք ուզում պարտվել: Մի՛ պարտվեք, ես դեմ եմ պարտություններին, ես պարտվել եմ, բազմիցս եմ պարտվել ու գիտեմ պարտության ցավը: Մի՛ պարտվեք, Արփինե՛, հաղթե՛ք, ընկե՛րս, թողե՛ք դաշտն ու տարեք փայլուն հաղթանակ: Վերացել է այն էպոխան, որի մասնիկն եք եղել դուք, ու ձեր մնալը պարտություն է, հեռանալը՝ հաղթանակ: Մի՛ զոհեք ձեզ հանուն Սերժի, մի՛ զոհեք ձեզ հանուն նախկին քրաօլիգարխիկ ռեժիմի: Հաղթե՛ք հեռանալով, վերցրե՛ք դադար ու հետ վերադարձեք, նոր ուժով, նոր գաղափարով եկեք առաջ:

Դու չես թալանել, դու չես կեղեքել, դու չես եղել ո՛չ Սաշիկ, ո՛չ Մանվել, ոչ էլ ուրիշ մի վատը: Դու եղել ես ու կաս մեկը, որ պետական այր է, ու կարող ես վաղն էլ ծառայել մեր պետությանը: Խնդրում եմ, ընկե՛րս, ների՛ր ինձ հանդգնությանս և ճշմարտությունն այսպես բաց և շիտակ ասելու համար:

Քեզ խնդրում եմ՝ նայի՛ր ապագային, առանց նախկին Հայաստանի քո մասնակցության անցյալը հիշելով, փոխի՛ր ամեն ինչ, օգնի՛ր նորերին, վստահ եմ՝ նրանք քո խելքի և իմաստության կարիքը եթե ոչ այսօր, վաղն ունենալու են, օգնի՛ր նրանց կառուցելու մեր նոր Հայաստանը, իմ և ձեր երազանքների այն Հայաստանը, որը նախորդ ռեժիմները սպանել են: Մի՛ տխրիր այն բանի համար, որ քեզ հայհոյում են: Դա արժեք չունի:

Հայհոյանքը անպարկեշտության մարմնավորումն է, սակայն հասկացիր նրանց՝ նրանք մեղավոր չեն, որ դու պաշտպանում ես այդ համակարգին: Մի՛ վախեցիր հայհոյանքներից, բումերանգի էֆեկտ գոյություն ունի, մի օր էլ նրանց են հայհոյելու: Մի՛ տխրիր, մի՛ արտասվիր, գործի՛ր: Ո՛ւժ գտիր մեջդ ու հեռացի՛ր՝ հաղթելով ինքդ քեզ ու այն նախկին ռեժիմը, որին սատարել ես: Ստեղծի՛ր նոր ուժ, նոր գաղափար ու իմաստավորի՛ր այն, ինչ ունես: Քեզ համբերություն եմ մաղթում, ուժ ու տոկունություն առաջիկա բոլոր ձեռնարկումներիդ մեջ:

Ների՛ր, որ ասում եմ այն, ինչն իմ կարծիքով ճշմարտություն է: Ների՛ր ճշմարտությունն այսպես պարզ ու թափանցիկ ասելու համար: Հավատա՛՝ հաղթական հեռանալուց հետո սպառնալիք-մեկնաբանությունը կդադարի սպառնալիք լինելուց:

Լա՛վ եղիր․․․

Աղբյուր՝ araratnews.am

Կիսվել նյութով