Մամուլ

Մեքենան կանգնեցնելու համար համագյուղացիները ծեծել են պարեկներին

Մեքենան կանգնեցնելու համար համագյուղացիները ծեծել են պարեկներին

Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով կատարվածը:

ՔԿ-ի ունեցած նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողները Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում վարչական իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում:

parekner danakaharutyun

Ոստիկանները, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել են վերջինիս սթափության վիճակի ստուգման գործընթաց, ինչը նկատել են հիշյալ ավտոմեքենայի վարորդի համագյուղացիները և խոչընդոտել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկաններին. վիճաբանել են նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ, պատռել ծառայողական համազգեստները, նրանցից մեկը փորձել է տիրանալ ոստիկաններից մեկին ամրակցված հաշվեցուցակային զենքին և հատուկ միջոցներին, իսկ մյուսը հարվածել և վնասել է ծառայողական ավտոմեքենաները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության հինգ ծառայող ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: 

Միջադեպին մասնակից անձանցից երկուսը ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում առգրավվել են ոստիկանների վնասված համազգեստները, ինչպես նաև՝ վիճաբանության մասնակիցների հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Կիսվել նյութով