Մամուլ

Մեքենան բախվել է գազատար խողովակին ու պայթել․ վարորդը տեղում մահացել է

Մեքենան բախվել է գազատար խողովակին ու պայթել․ վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 44/4 շենքի դիմաց տեղադրված գազախողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով գազախողովակը կոտրվել է, ինչի պատճառով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել։ Կրակը տեսանելի էր անգամ 1 կիլոմետրից։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի հաշվարկ։

Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Կրակի հետևանքով շենքի 30-ից ավելի բնակարանների պատշգամբներ, լուսամուտներ վնասվել են։ Հրշեջները կրակը մարելուց հետո Opel-ի մեջ հայտնաբերել են մոխրացած դի։

hrdeh meqena

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր։ Դեպքի վայրում պարեկները, փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ 70-ից ավելի բնակիչների տարհանել են, տեղում օգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի մեծ թվով աշխատակիցներ, տեղում է նաև Երևանի ԳԳՄ-ի գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը։  Այս պահին Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ բժիշկները մեծ թվով քաղաքացիների տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի կարգադրությամբ ժամանում են մեծ թվով քննիչներ, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ոստիկանության փորձաքրեագետները։ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կարգադրությամբ էլ ժամանում են ԱԻՆ-ի հատուկ տեսչության աշխատակիցները։

Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև 1 հրշեջ։ Մանրամասները՝ քիչ ուշ։

Կիսվել էջում