ՄամուլՄշակույթ

«Մեր թատրոնում այս գիշեր մեծ թալան էր լինելու». գողության փորձ Կամերային երաժշտական թատրոնում

Անցած գիշեր գողության հերթական փորձն է կատարվել Երևանում. այս անգամ գողերը որոշել են մուտք գործել Պետական կամերային երաժշտական թատրոն: Թե գողոնի ինչ ակնկալիք են ունեցել չարագործները մշակութային օջախից, պարզ չէ, քանի որ ազդանշանային համակարգի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է կանխել գողության դեպքը: Գողերը դիմել են փախուստի:

Դեպքի վերաբերյալ  Shantnews.am -ը տեղեկություններ ստացավ թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանից, որը մասնավորապես նշեց.

«Օպերատիվ կերպով ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր, գողությունը կանխվել է, պարզապես այստեղ մի խնդիր կա. Գիտենք՝ համաներումից հետո գողության դեպքերը որքան են շատացել, մասնավորապես Երևանում, ու խնդրահարույց է այն, որ արդեն մշակութային օջախների վրա են գողության ձեռնարկները լինում, այսինքն՝ կարելի է մտնել թատրոններ: Ինչ էլ տանեն, լավ է, մոտեցումն է գործում»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը:

Հարցին` եթե բանկերի թալանի տրամաբանությունը հասկանալի է, ապա հետաքրքիր է, թե ինչ են փնտրել գողերը թատրոնում. արդյո՞ք տոմսարկղի պարունակությունը դատարկելու հույսեր են ունեցել, տնօրենն ասաց.

«Եթե բանկերը թալանում են, էլի հասկանում ես, որ էնտեղ գումար կա, իհարկե, թատրոններում էլ կան այդ փողերը, ոչ այդ չափերի, բայց տոմսային տնտեսություն է թատրոնը վարում, և չհրկիզվող պահարաններ կան, որ այդ օրվա գումարը մուտքագրվում է, այնուհետ տեղափոխվում բանկ: Փառք աստծո, մեզ մոտ չի եղել գումար, որովհետև մենք օրվա շրջանառությունն անմիջապես մուտքագրում ենք մեր հաշվի վրա, թույլ չենք տալիս, որ գումար մնա շենքում` այսպիսի ռիսկերը հաշվի առնելով»:

Միայն վերջին շրջանում՝ համաներումից հետո տեղի ունեցող գողության դեպքերի մեծ թիվը հաշվի առնելով է, որ տնօրենը եզրակացնում է` գողերը դրա արդյունքում են գալիս թատրոն: Իսկ ինքը անվտանգության համակարգը խստացրել էր ավելի վաղ, դեռևս անցյալ տարվա ապրիլին:

«Սուղ միջոցներից ներդրում արեցինք և ոստիկանության հետ պայմանագիր կնքեցինք, որ ծառայություն մատուցեն և, փաստորեն, ամիսներ անց այդ խնդրին բախվեցինք, շատ լավ է, որ լուծեցինք, որովհետև եթե արած չլինեինք, հավատացեք, որ մեր թատրոնում այս գիշեր մեծ թալան էր լինելու»- վստահեցրեց Առաքելյանը:

Ինչ վերաբերում է ձեռնարկվելիք քայլերին, ապա կարծում է, որ յուրաքանչյուր կազմակերպության ղեկավար ինքը կարող է խստացնել անվտանգության համակարգերը, այս մասին կոչով ինքը հանդես է եկել նաև սոցցանցում.

«Թատրոնի գործընկերներ ջան, անվտանգության համակարգեր տեղադրեք շենքերին, գողերն արդեն հասել են թատրոն, սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են»:

Աղբյուր՝ Shantnews.am


Կիսվել նյութով