ՄամուլՏեսանյութ

«Մենք հիմա էլ սպասում ենք Նարեկին, մենք Նարեկին ենք ուզում». Գառնիում սգում են 20-ամյա զինծառայողի մահը

«Մենք հիմա էլ սպասում ենք Նարեկին, մենք Նարեկին ենք ուզում». Գառնիում սգում են 20-ամյա զինծառայողի մահը

Մայիսի 12-ին Սոթքում զոհված գառնեցի 20-ամյա Նարեկ Բաղդասարյանը նպատակ ուներ տնտեսագետ դառնալու: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց նրա ուսուցչուհին՝ Անահիտ Եսայանը:

«Երբեմն այնպես էր պատահում, որ  միասին էինք տուն գնում, քանի որ մեր թաղում էր ապրում: Պատմում էր իր երազանքների, նպատակների մասին: Մայրը հպարտանում էր, ասում էր՝ Նարեկս տնտեսագետ է դառնալու:

Շատ լավատես մարդ էր, դաստիարակված տղա, շատ լավ հատկանիշներ ուներ իր մեջ՝ հարգալից, շնորհքով, զուսպ, երբեք բարձր չէր խոսի: Ասում էր՝ տղան պետք է ծառայի, եթե մենք չպաշտպանենք մեր հայրենիքը, ո՞վ պետք է պաշտպանի: Իր համար միեւնույն էր, որ ինքը տան միակ տղան էր:

Երկու ժամ առաջ բոլորին զանգել է՝ քույրերին, հորեղբոր տղաներին: Վերջում ասել էր՝ շատ հոգնած եմ, հետո կխոսենք: Մի անգամ մորը տեսա, հարցրեցի Նարեկից, ասաց՝ օրերն եմ հաշվում, 47 օր է մնացել Նարեկիս վերադարձին:

Բայց միեւնույն է, մենք սպասում ենք Նարեկին, մենք Նարեկին ենք ուզում: Մենք չենք ուզում հերոս Նարեկ, մենք  ուզում ենք մեր Նարեկին, մեր պուճուրին»,-ասաց ուսուցչուհին:

Մեկ այլ ուսուցչուհի՝ Նաիրա Խաչատրյանն էլ հավելեց. «Չեմ հիշում, որ 3 տարիների ընթացքում դիտողություն արած լինեմ կամ բարձր տոնով իր հետ խոսեմ: Բանակից մի քանի օրով արձակուրդ էր եկել, եկել էր դպրոց:

Մի փոքր զրուցեցինք բանակի կյանքից: Ասաց՝ Սոթքում եմ ծառայում: Ես մի փոքր լարվեցի, ասաց՝ ընկեր Խաչատրյան, ամեն ինչ լավ է, մենք ոչ մի բան չունենք վախենալու: Դա մեր վերջին հանդիպումն է եղել»:

Այսօր ողջ Գառնին սգում է 20-ամյա Նարեկի մահը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում