ՄամուլՏեսանյութ

Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում. Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում. Փաշինյան

Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում. Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում. Փաշինյան

Այս մասին, այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է, որ այդ թվերը մենք ունեցել ենք լոքդաունի ժամանակ, որովհետեւ մենք ունենք ինկուբացիոն շրջան՝ 7-14 օր:

Ապրիլին երկրում փակվել է 72 հազար աշխատատեղ: Առողջապահության նախարարությունը միշտ ասել է, որ պետք է զրոյացնենք դեպքերը, նոր գնանք բացման եւ առողջապահական տեսանկյունից ինքը ճիշտ է ասել, բայց եթե մենք գնային այդ ճանապարհով, ապա մայիսին կփակվեր եւս 70 հազար աշխատատեղ, եւս 70 հազար հունիսին, եւս 70-100 հազար հուլիսին:

Տնտեսական, սոցիալական եւ առողջապահական համակարգերի միջեւ հավասարակշռության խնդիրը պետք է լուծենք: Մենք որոել ենք գնալ բացման ճանապարհով եւ այդ առումով մենք ունիկալ չենք: Ես այսօր լրատվությունը նայեցի, Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Այն օրը, երբ նրանք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք:

Եղել են երկրներ, որ մտածել են՝ զրոյացնեն դեպքերը, նոր վերադառնան լիարժեք տնտեսական կյանքի: Այո, կան երկրներ, որտեղ զրոյին մոտիկ են դեպքերը, բայց նրանք չենկարողացել վերադառնալ լիարժեք տնտեսական կյանքին: Օրինակ, Իսպանիան հայտարարել էր, որ հուլիսի 1-ից բացում են տուրիստական սեզոնը, բայց հիմա նրանք նույնպես հրաժարվել են այդ գաղափարից: Այսինքն պետք է այս ամենը նայել հավասարակշռության մեջ»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այն մարդիկ, որոնք ուզում են արդեն ամփոփել ու արձանագրումներ անել կորոնավիրուսի հետ կապված, նրանք շտապում են, որովհետեւ դեռ պարզ չէ ոչինչ. «Իմ արձանագրումն այն է, որ եթե ելնենք նրանից, որ մինչեւ տարեվերջ պատվաստանյութը հասանելի չի լինելու, մեծ է հավանականությունը, որ բոլոր երկրները շատ մոտ արդյունքներ կունենան կորոնավիրուսի հետ կապված: Սա համաշխարհային պրոբլեմ է եւ այդտեղ առանձին վերցրած լուծումներ չեն կարող լինել»:

Կիսվել նյութով