Մամուլ

Մեղադրանք է առաջդրվել քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի․ ինչ է հայտնի

Մեղադրանք է առաջդրվել քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի․ ինչ է հայտնի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ Ա.Ք.-ն, համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ և օգտագործելով այդ կարգավիճակը, անօրինական օգուտ ստանալու նպատակով, ստանձնել է մասնավոր հարցերին առնչվող հարցերի, այն է՝ իրեն դիմած անձանց (2 դրվագով) 10 000 և 45.000 ԱՄՆ դոլարի չափով գումարային պարտքերը վերադարձնելու վեճի (խնդրի) լուծումը՝ դրա դիմաց ստանալով մի դեպքում 100․000, մյուս դեպքում՝ 350․000 դրամ գումար:

Բացի այդ, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Ա.Ք.-ն, կոնյակի գործարանի մասնաճյուղի վերամշակված որոշակի քանակով խաղողի մնացորդին ապօրինի տիրանալու նպատակով, իր մտերիմ անձին հրահանգել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել՝ վերամշակված խաղողի մնացորդը գործարանի մասնաճյուղից դուրս հանելու վերաբերյալ։

Այնուհետև, ստանալով իրեն հետաքրքրող տեղեկությունները, անօրինական օգուտ և այլ առավելություն ստանալու նպատակով, նույն օրը հանդիպել է կոնյակի գործարանի երկու աշխատակիցների հետ, ինչի արդյունքում ստացել է մոտ 4 բեռնատար խաղողի մնացորդ:

Միաժամանակ, Ա.Ք.ն քրեական վարույթի նախաքննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել և առանց իրացնելու նպատակի իր տանն ապօրինի պահել է զգալի չափերով՝ 3.55 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է նրա բնակարանի խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, կազմվել է մեղադրական եզրակացություն և վարույթի նյութերի հետ միասին ուղարկվել հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և ըստ էության քննելու նպատակով վարույթը դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել էջում