Մամուլ

Մեզ ստիպողաբար հանեցին մեր տներից, երեխաներիս մանկությունը փչացրեցին, թողեցին անտուն… չենք կարողանում վերադառնալ

Մեզ ստիպողաբար հանեցին մեր տներից, երեխաներիս մանկությունը փչացրեցին, թողեցին անտուն… չենք կարողանում վերադառնալ

Bavnews.am-ի խմբագրություն կապ հաստատեց Նարինե Իսրայելյանի հարևանուհին ու խնդրեց իր անունից փոխանցել մեզ մի նամակ, որտեղ ասվում է․

«»Բարև Ձեզ, ես Նարինե Արտակի Իսրայելյանն եմ, 22.04.1991․ ծնվել, մեծացել եմ ՀՀ-ում, 2013թ. սեպտեմբերի 19-ին ամուսնացել ԱՀ Շահումյանի շրջան, քաղաք Քարվաճառում, ամուսնությունից անմիջապես հետո, հոկտեմբերի 1-ից սկսել եմ աշխատել Քարվաճառի դպրոցում և հիվանդանոցում, որպես բուժքույր։

Ունեմ 2 արու զավակ՝ Սերգեյ 8 տարեկան, Տիգրան՝ 5 տարեկան։ Ամուսինս և սկեսրայրս իրենց կյանքը չեն պատկերացնում առանց հայրենիքի ու ճանաչացս օրվանից աշխատում են, որպես պայմանագրային զինծառայողներ, մինչև այսօր։

Սկեսուրս էլ էր աշխատում Քարվաճառի հիվանդանոցում, որպես մայրապետ։

Ապրում, աշխատում, արարում էինք մեր 6 հոգանոց ընտանիքով, ունեինք բնակարան, շատ մեծ հողատարածք, որը մշակում էինք, ծրագիր ունեինք սեփական տուն կառուցելու, սակայն եկավ չարաբաստիկ 27.09.2022թ., որն անմոռանալի, շաաաատ ցավոտ, շատ ողորմելի վիճակում գցեց բոլորիս։

Քանի որ ես բուժքույր էի, տան անդամներին ճանապարհեցինք ՀՀ, ես մնացի պարտքս կատարելու, վիրավորներին էինք օգնում։

Նոյեմբերի15-ին վերջնական լքեցինք Քարվաճառը։

Ամուսինս ու սկեսրայրս դիրքերից նույնիսկ չկարողացան ժամանակին իջնեն, որ կարողանայինք մեր տան ապրուստը հանել։

ՀՀ, ապրեցինք մեկ տարի, սակայն 01.07.2022 թ.-ից տեղափոխվեցինք մեկ ուրիշ բնակարան վարձավճարով, 80.000 դրամ, ստիպված, բայց պիտի տեղափոխվեինք, կապեցինք պայմանագիր, մինչև 01.03.2023թ, որից հետո պետք է կրկին լքենք բնակարանը, քանի որ տան տերը վերադառնում է իր տուն։

Դեկտեմբերի 9-ին մեր ամբողջ 6 հոգանոց ընտանիքով եկանք Արցախ, (ես պատերազմից հետո առաջին անգամ էի ոտք դնում Արցախ), մասնակցելու բարեկամի հարսանիքին։

Հարսանիքը եղավ դեկտեմբերի 11-ին, հաջորդ օրը, դեկտեմբերի 12-ին, երբ հետ էինք վերադառնում, ճանապարհի կեսից, մեքենաների շարասյունը կանգնած տեսնելով իմացանք, որ Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհը։

Այդ օրը մնացինք ծանոթի տանը, հույս ունենալով, որ ճանապարհը կբացվի, սակայն չբացվեց, ստիպված նորից հետ վերադարձանք հարսանիքի բարեկամների տուն, ի դեպ գազերն արդեն անջատել էին, հազիվ մեքենան բերեց մինչեւ գյուղ հասցրեց մեզ՝ Մարտակերտի շրջանի, Վերին Հոռաթաղ գյուղ։

Սկսվեց մեր ևս մեկ տառապալից օրերի սկիզբը, որը մինչ այսօր շարունակվում է։ Ի դեպ ես ու սկեսուրս դարձանք անաշխատունակ, զրկվեցինք մեր աշխատանքից։ Հայաստանում էլ, որտեղ դիմում եմ աշխատելու համար, ասում են տեղ չկա։

Ուտելիքը վերացավ խանութներից, գազ չկար, ցուրտ ձմեռ, երեխաներս դասերից հետ մնացին, այստեղ էլ տանում էի դպրոց լացելով, կեսից հետ էին գալիս։

narine israelyan

Մինչև հիմա էլ չենք հարմարվում, ոչ մի կերպ, ամբողջ օրը լաց, նեղվածություն, ոչ մի լավ բանի սպասում։

Տղաների աշխատավարձով հազիվ ապրում ենք, մի մասը ուղարկում եմ բնակարանի վարձը, վարկերն եմ վճարում, կոմունալները, իսկ այստեղ էլ հազիվ թանկ ապրանքներ եմ ձեռք բերում, որ երեխաներս գոնե մի բանից օգտվեն։

Եկած օրվանից երեխաներս մանդարին, խնձոր էին ուզում, նույնիսկ նկարներով տեսնում, փոքրս լացում, մինչեւ հիմա խնձոր չեմ գտնում։

Այսքան դաժանությունները քիչ չէին, երբ սկսեցին լույսերն էլ անջատել, մոմի լույսի տակ դաս անել, փայտի վառարանի առջև տաքանալ, հաց պատրաստել։

Քանի որ մեզ ստիպողաբար հանեցին Քարվաճառից, պետությունը սերտիֆիկատ տրամադրեց բնակարան ձեռք բերելու համար, քանի որ սերտիֆիկատն էլ ժամկետով է, իսկ մենք այստեղ Արցախում, խնդրեցինք, որ իմ ծնողները, որպես լիազոր անձ, նոտարից թուղթ ուղարկենք, իրենք գոնե մի ձև գնեն բնակարանը, մեկ բանկ էր, որ խոստացավ, առանց մեր ներկայության կանի գործարքը լիազոր անձի միջոցով, տունը գտանք ինտերնետով, ծնողներս գնացին, նկարեցին, ուղարկեցին նկարները, շատ հավանեցինք սեփական տուն էր, իր բոլոր հարմարություններով, չէի ասի ճոխ, բայց գոնե 4 պատ, որ էստեղից գնայինք ու տեղափոխվեինք, ի դեպ բավականին թանկ, բայց համեմատած տվյալ պահի գներին միջին գին 60.000 $, ըստ որի մեր 2 սերտիֆիկատների գումարը միասին կազմում է 20մլն կամ 50.000$, (քանի որ վարձակալած բնակարանի ժամկետն էլ է անցել, իսկ մենք ոչինչ չենք կարողանում անել,) բանկը գործարքի կեսից մերժեց մեզ, ասելով, որ սկեսրայրս վատ վարկային պատմություն ունի, որը վերցրել էինք Քարվաճառում, սկեսուրիս շտապ վիրահատության համար, հետո ֆինանսապես ծանր վիճակից ելնելով չկարողացանք գումարը ժամանակին վճարել ու դատարան տվեցին, բայց պատերազմից հետո, օնլայն դիմումների համաձայն բոլոր պատերազմի մասնակիցներին, զինծառայողներին ու նամանավանդ տեղահանված ժողովրդի վարկերը հիմնադրամը մարեց, որին ի պատասխան մեզ հաղորդագրություն եկավ, որ մարվել է վարկերը։

Հիմա արդեն մի քանի օր է, այդ խնդրի առջև կանգնեցինք ևս, որ մեզ նույնիսկ բնակարանի ձեռք բերման համար չի աջակցում պետությունը։

Մեզ ստիպողաբար հանեցին մեր տներից, զրկեցին սիրելի աշխատանքից, երեխաներիս մանկությունը փչացրեցին, թողեցին անտուն, ու էդքանից հետո էլ թույլ չեն տալիս ,որ գոնե մի փոքր անկյուն ձեռք բերենք։

Հա ի դեպ ավելացնեմ, որ զանգել եմ Արցախի սոցիալական բաժին, որ գոնե էստեղ օգնեն, սննդով, հիգիենայով կամ որևէ մի բանով, մերժում են, պատճառաբանելով, որ տղաներն զինվորական են ու աշխատավարձ են ստանում, բայց չեն հասկանում, որ էստեղ ապրելով էնտեղի վարձերն էլ եմ վճարում, եթե օգնության կարիք չունենայի, հաստատ չէի դիմի իրենց։

Ուստի խնդրանքս բոլոր բարի, հոգատար մարդկանց, խնդրում եմ հանրայնացրեք, լուսաբանեք սա, որպեսզի կարողանանք մի տեղից մի լույս գտնել: Շատ շնորհակալ եմ։

Կիսվել էջում