Մամուլ

«Մարտի 1»-ի էջը պետք է փակել և բացել «մարտի 2»-ը. Քոչարյան

Հայաստանում «մարտի 1»-ի հարցը պետք է փակել, սակայն միայն իրավական հարթության շրջանակում, այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով` պատմությունը մոռանալ չի կարելի, սակայն չի կարելի նաև ինչ–որ իրադարձությունների գերի դառնալ։ «Հարցը պետք է փակվի, սակայն այն ժամանակ, երբ հասարակությունը հարցեր չունենա», – ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Ռոման Բաբայանի և Տիգրան Պասկևիչյանի` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին նվիրված ֆիլմերին` նա օրինակ բերեց ճապոնական «Ռասյոմոն» ֆիլմը, որտեղ միևնույն սպանության վերաբերյալ երեք–չորս տեսակետ է ներկայացվում։ Ըստ Քոչարյանի` եթե թողնենք ամեն մեկն իր տեսանկյունից նայի «Մարտի 1-ի» իրադարձություններին, ապա դա կքաղաքականացվի, այնպես որ գործը պետք է քննվի միայն իրավական հարթությունում։

Մարտի 1-ի մեղավորները

«Այդ պատճառով գործը պետք է դիտարկվի միայն իրավական հարթության շրջանակում։ Եվ դրանից հետո պետք է փակվի», – ասաց Քոչարյանը։

Այնուհետև, ըստ նրա, երկրի կյանքում պետք է բացվի «մարտի 2-ի էջը»։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, 2008 թվականին հանրահավաքներ էր անցկացնում` բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից։ Բողոքի ակցիաները մարտի 1-2–ին վերածվեցին բախումների, որի հետևանքով 10 մարդ մահացավ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով