Մամուլ

Մարտի 1-ի գործով բացահատումներն անպայման կհասնեն Արցախ․ Վահան Բադասյան

Արցախցի 15 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու միջնորդագիր-խնդրանք է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համալրելով Հայաստանում նրա օգտին մեկնարկած ստորագրահավաքին միացած պատգամավորների շարքերը։ Թե ինչո՞ւ Արցախի պատգամավորները որոշեցին հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչպես նաև,  հնարավոր է՝ «Մարտի 1-ի»բացահայտումները հասնեն Արցախ․ այս ու այլ հարցերի շուրջ զրուցեցինք Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, Արցախի խորհրդարանի 15 պատագամավոր միացել է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրանք այդ նախաձեռնությամբ հանդես եկան  ոչ թե ՀՀ-ում նման նախաձեռնության մեկնարկից անմիջապես հետո, այլ այսքան ուշ՝ գրեթե տաս օր անց։

-Այն պատգամավորները, որոնք ստորագրել են այդ միջնորդագիրը, նշանակում է, որ նույն համակարգի ջատագովներն են, և առանց այդ համակարգի այդ մարդիկ իրենցից ոչինչի չեն ներկայացնում։ Ես չգիտեմ, նրանք ովքեր են, բայց, փաստորեն, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան համակարգի պաշտպաններն են։ Այդ պատգամավորները, վստահ եմ, նույն Բակո Սահակյանի համաձայնությամբ են միացել այդ ստորագրահավաքին։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու միացան այդ ստորագրահավաքին այսքան ժամանակ անց, չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Արցախում հիմա տիրում է նույն ռոբերտասերժական ռեժիմը։ Հիմա այդքան մարդ ստորագրել է, ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ են ուզում ասել, որ մարտի 1-ին ճի՞շտ է եղել կատարվածը, որ ճի՞շտ է արել Ռոբերտ Քոչարյանը, որ տիրացել է հանրապետության բյուջեին։

-Ըստ որոշ լուրերի՝ «Մարտի 1-ին» Արցախից  Հայաստան են բերվել հատուկ  ստորաբաժանումներ, որոնք մասնակցություն են ունեցել հայտնի իրադարձություններին։  Հնարավո՞ր է, որ այդ ստորաբաժանումների հետքերով  ՀՔԾ-ն հասնի  Արցախ և «Մարտի 1-ի» գործով բացահայտումներ լինեն նաև Արցախում։

-Արցախից մարտի 1-ին ոչ միայն ստորաբաժանումներ են եկել,  այլ նաև այնպիսի մարդիկ, ովքեր հետ վերադառնալով Արցախ, պարգևատրվել են։ Նրանք այն մարդիկ են, որոնց մասին մշտապես բարձրաձայնել եմ, ասել եմ նաև Գլխավոր դատախազությանը, որ իմ հայտարարությունները կարող են ուսումնասիրության նյութ դարձնել։

-Այդ մարկանց մեջ կայի՞ն բարձրաստիճան զինվորականներ։

-Այո՛, նրանք Արցախից գեներալեր են, բարձրաստիճան սպաներ, այն ժամանակվա զինվորականներ։ Այդ ստորաբաժանումներն այդտեղ ուղարկելուց հետ ինչ է կատարվել, արդեն գիտենք։ Սակայն սա ամենը չէ։ Այստեղ բոլորին է հայտնի, որ բիզնես կենտրոններ են ստեղծել այդ ստորագրած պատգամավորները, որոնք իրենց այդ գործը սկսել էին դեռևս Բակո Սահակյանից առաջ՝ Արկադի Ղուկասյանի ժամանակ։ Այնպես որ, նրանց համար Ռ․ Քոչարյանի կալանավորումը նշանակում է իրենց կալանավորումը, նույն համակարգն է՝ նույն պատգամավորներով, նրանք առանց իրարու չեն կարող գոյատևել։

-Այսինքն, չեք բացառում, որ «Մարտի 1-ի» գործով բացահատումները կհասնեն նաև Արցախ։

-Անպայման, կհասնեն Արցախ։ Եթե այստեղ իշխանափոխություն լինի, որը կառավարումը կշարունակի այն նույն ոգով, որով Նիկոլ Փաշինյանն է շարունակում, այստեղ նույնն է  կատարվելու, այստեղ կլինեն բազմաթիվ մարդիկ, որոնք պատասխանատվության կենթարկվեն։

-Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորումը նվեր համարեց Ադրբեջանին, դուք այն ի՞նչ եք համարում։

-Քոչարյանի կալանավորումը ոչ թե նվեր, այլ դաս է Ադրբեջանի, Ռուսաստանի և հետխորհրդային բոլոր պետությունների համար։ Դաս է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ոչ թե ծառայում են սեփական ժողովրդին, այլ իշխում ու թալանում են, ովքեր երկիրը հասցնում են աղքատության եզրին, հարստահարում երկրի ընդերքը, հասկանան, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ռոբերտ Քոչարյանն արյունով է եկել իշխանության, և պետք է պատասխան տա, ինչի մասին է խոսքը, պարզապես, իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն և պարզեն՝ ովքեր են հաջորդ պատասխանատունները։

Աղբյուր՝ factor.am

Կիսվել նյութով