Մամուլ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Նուբարաշենում

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Նուբարաշենում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կրակոցներ են հնչել երևանում:

Ժամը 04:25-ի սահմաններում «էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «Ձախ սրունքի ստորին երրորդկանի կույր վնասվածք», «աջ ոլոքի ստորին երրորդականի կողմնային մակերեսի մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության էրեբունու բաժնի պետ Սարգիս Մելքոնյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը:

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը բաժնի պետ Հ. Պետրոսյանի և ավագ քննիչ Է. Գաբրիելյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և կատարվածի մասին չի կարող բացատրություն տալ:

Մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա հանդիսանում է Նուբարաշենի բնակիչ՝ 21-ամյա Սլավիկ Հ.-ն:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Նուբարաշենի 11 փողոցի թիվ 1 շենքի հարակից վայրում Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից ատրճանակից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով էլ Սլավիկ Հ.ն հրազենային վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ավտոմեքենան, կրակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրօրի 167 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել էջում