Մամուլ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում․ կա վիրավոր. մասնակիցների թիվը անցնում է 2 տասնյակը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և ավագ քննիչ Աղասյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև փորձաքրեագետները:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 297 հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի,  ոստիկանության Չարբախի բաժանմունքի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դ. Խ.-ն և 30-ամյա Ս. Խ.-ն վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կ. Հ.-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հ.-ին իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ս. Ս. -ն, Երևանի բնակիչ 26-ամյա Մ. Կ.-ն, 28-ամյա Հ. Ս.-ն իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Ն. Բ.-ի, 30-ամյա Զ. Զ.-ի, 21-ամյա Ա. Գ.-ի, 23-ամյա Գ. Բ. Բ.-ի, 27-ամյա Ս.Պ.-ի, Ա.Ս.-ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ.Խ-ին, ում հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Ս. Խ.-ն իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դ. Ղ.-ն, 33-ամյա Ն. Ա.-ն իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մ. Պ-ն իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Ա. Ա.-ն, 37-ամյա Գ. Հ.-ն, 37-ամյա Վ. Գ.-ն, 39-ամյա Ռ. Ս.-ն, 35-ամյա Ն. Ա.-ն, 33-ամյա Ժ. Կ.-ն իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կ. Ն.-ն իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Ա. Մ.-ն իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գ. Ի.-ն գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հ.-ի ընկեր Ս. Ս.-ն լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել  է Դ. Խ.-ի  և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խ.-ի ընկեր Մ․ Պ.-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Ս.-ին:

Կ.Հ.-ի և նրա ընկերների հեռանալու ընթացքում  Գ. Ի.-ն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ է արձակել Կ.Հ.-ի և նրա ընկերների ուղղությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում  են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիք հանդիսացող  հրազենները  հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել էջում