Մամուլ

«Մարդը փաստացի համայնքի միջոցներից շաբաշ է տվել ավագանու անդամներին». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղորդում հանցագործության մասին. ինչպես մսխել համայնքային բյուջեն…

ԵՐԵՎԱՆ

Երեկ` Երևանի Ավագանու նիստում, քաղաքապետի հայտարարությունը և ավագանու անդամների բուռն արձագանքը հիշեցրեց այն խնդիրը, որի մասին մեկ տարուց ավել է խոսել ենք և հրապարակումներ ենք արել: Խոսքը Երևանի ավագանու անդամներին հատկացված ֆինանսական միջոցների մասին է: Ոմանք դա աշխատավարձ են համարում, ոմանք՝ հոնորար, ոմանք՝ փոխհատուցում:

Այնինչ ՀՀ նախկին և գործող օրենսդրությամբ ավագանու անդամները ոչ մի համայնքում իրենց կատարած աշխատանքի համար ֆինանսական փոխհատուցում (աշխատավարձ, հոնորար և այլն) չեն կարող ստանալ: Կարող են ստանալ իրենց՝ որպես ավագանու անդամ կատարած ծախսերի փոխհատուցում:

Ավելի մանրամասն խնդրեմ.

2013-2017թթ. Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեից 152.750.000 դրամ վճարել է ավագանու անդամներին որպես ավագանու անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց դրամական փոխհատուցում: Հատկացումները եղել են ավագանու անդամներին համահավասար: Քաղաքապետարանը 2009-2011թթ. համանման վճարումների մասին տեղեկություններ չի տրամադրելով, բացատրելով, թե այդ տեղեկությունները արխիվացված են:

Ըստ Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկանքի (09/62628հ-10.10.2017). Երևանի համայնքային բյուջեից 2012-ին ավագանու բոլոր անդամներին հատկացվել է ընդհանուր առմամբ 18.687.500 դրամ, յուրաքանչյուր անդամին՝ 32.500 դրամ: 2013-ին Երևանի համայնքային բյուջեից ավագանու բոլոր անդամներին նույն հիմնավորմամբ հատկացվել է ընդհանուր առմամբ 24.720.000 դրամ: 2014-ին հատկացվել է 36.060.000 դրամ, այդ թվում հունվար-հունիս ամիսների համար՝ ավագանու յուրաքանչյուր անդամին 45.000 դրամ ամսական, իսկ հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 50.000 ական դրամ ամսական:

2015-ին հատկացվել է ընդհանուր առմամբ 37.355.000 դրամ, այդ թվում հունվար-հունիս ամիսների համար՝ ավագանու յուրաքանչյուր անդամին 50.000 դրամ ամսական, իսկ հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 55.000 ական դրամ ամսական: 2016-ին նույն աղբյուրից, նույն հիմնավորմամբ հատկացվել է ընդհանուր առմամբ 38.335.000 դրամ, իսկ 2017-ին (ոչ լրիվ տարին)՝ 16.280.000 դրամ: Վերը նշված դրամական փոխանցումները չեն հարկվել:

Այս վճարումների համար որպես հիմք է ներկայացվում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի (Ավագանու անդամի գործունեության համար փոխհատուցումն ու գործունեության երաշխիքները) 1-ին մասը, որի համաձայն, ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով: Օրենքի պահանջն արտացոլվել է նաև Երևանի ավագանու մի քանի որոշումներում: (Հղումները, թե պետք կլինեն՝ կտամ)

Նման ֆինանսական հատկացումների համար օրենսդրական նորմի առկայությունը և ավագանու որոշումն ակնհայտորեն անհրաժեշտ, սակայն բավարար հիմք չեն: Ե՛վ օրենքում, ևʹ ավագանու որոշումներում սահմանված է, որ այդ հատկացումները պետք է կատարվեին որպես «ավագանու անդամի պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ դրամական փոխհատուցում», այնինչ քաղաքապետարանն ավագանու անդամներից չի պահանջել և չի ստացել որևէ փաստաթուղթ որպես հիմք այն բանի, որ նրանք մինչև փոխհատուցվելն իրենց պարտականությունները կատարելու համար որևէ ծախս են կատարել:

Այսինքն վերոհիշյալ վճարումներն իրականում փոխհատուցումներ չեն եղել և կապ չունեն օրենքի հիշյալ դրույթի և դրանից բխած ավագանու որոշումների հետ: Այս վճարումների պատմության մեջ մի կոողմից անհասկանալի է, թե ինչի՞ հիման վրա քաղաքապետը որոշել, որ առանց ֆիսկալ-փաստաթղթային հիմքերի և ապացույցների կարող է ավագանու անդամներին բյուջեից դրամական միջոցներ հատկացնել որպես արված ծախսերի դիմաց դրամական փոխհատուցում, իսկ մյուս կողմից, թե ինչպե՞ս է քաղաքապետը պարզել, որ ավագանու բոլոր անդամները համահավասար են կատարել ենթադրյալ ծախսերը իրենց պարտականություների կատարման համար:

Անցած ամիսներին ՀՀ արդարադատության նախարարությունից և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացել ենք մեկնաբանություններ այս խնդրի շուրջ, սակայն այդ մեկնաբանությունները որևէ կերպ չեն արդարացնում վերոհիշյալ ծախսերը, որ արվել են որպես փոխհատուցում:

Այսպիսով, ՏԻՄ օրենքի և ավագանու որոշումների կամայական և քմահաճ մեկնաբանությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համայնքային բյուջեին շոշափելի վնաս է հասցրել, տեղի է ունեցել ինքնիրավչություն, լիազորությունների անցում և համայնքային միջոցների վատնում՝ անարդյունավետ օգտագործում կամ չարաշահում:

Մարդը փաստացի համայնքի միջոցներից շաբաշ է տվել ավագանու անդամներին, կերակրել է առանց իրավական հիմքերի: Կասկած ունեմ, որ ավագանու որոշ անդամների այդ ֆինանսական «օգնությունը» չի էլ հատկացվել, թեպետ գրել են «ավագանու յուրաքանչյուր անդամի համար»:

Քննությունը կարող է դա հեշտությամբ պարզել: Հիմա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի համար դժվար չէ հանձնարարել՝ հանել փաստաթղթերը Երևանի ավագանու գոյությունից ի վեր՝ 2009-ից, ուսումնասիրել տալ այս ամբողջ պատմությունը մինչև մեր օրերը, և համապատասխան իրավական ընթացք տալ Երևան համայնքի բյուջեին հասցված վնասը քննելու, մեղավորներին բացահայտելու և վնասը վերականգնելու համար:

Ի դեպ, Երևանի ավագանու անդամի պարտականությունները կատարելու համար փոխհատուցման համար նախատեսված փոխհատուցման գումարը կարող է լինել ամսական՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի չափով, իսկ մնացած բոլոր 501 համայնքների ավագանու անդամների դեպքում այդօրինակ գումարը չի կարող գերազանցել ՀՀ պատգամավորի համանման փոխհատուցման 30 տոկոսը՝ այսինքն ոչ ավելի քան 15.000 դրամ: Էս էլ օրենսդիրներին խտրականության ապացույց:Խնդրում եմ տարածել սա բոլոր հետաքրքրված շրջանակներին հասանելի դարձնելու համար»:

Կիսվել էջում