ՄամուլՔաղաքականություն

Մանդատ չենք տվել, որ նեյնիմ-նեյնիմ խաղան. հեղափոխությունից հետո նոր որակի պետություն ունենալու երազանք ունեինք

Մանդատ չենք տվել, որ նեյնիմ-նեյնիմ խաղան. հեղափոխությունից հետո նոր որակի պետություն ունենալու երազանք ունեինք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, ի՞նչ կարծիք ունեք ընթացիկ ներքաղաքական իրավիճակի մասին։ Հեղափոխության աջակից ուժերից շատերն իշխանություններին մեղադրում են դանդաղկոտության, չափից դուրս մեղմ քայլերի, նույնիսկ պոպուլիզմի մեջ։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ հեղափոխական իրական ռեֆորմներ անելու հարցում իշխանությունները ձախողել են։

– Հայաստանում կան բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրներ։ Չեմ ուզում դրանք թվարկել, բոլորին են հայտնի։ Համավարակն էլ գումարվեց դրան ու խառնաշփոթ դարձավ։ Հեղափոխությունից հետո մենք նոր որակի պետություն դառնալու երազանք ունեինք, ու դրա անհրաժեշտությունն այժմ շատ է զգացվում։

Գողապետությունը պետք է դառնար նոր պետություն։ Իշխանությունից այսօր պահանջվում են նոր ռազմավարություններ, նոր հայեցակարգեր ու նոր գաղափարներ։ Բացի դրանից՝ հասարակությունը դուրս է գալիս առաջվա էյֆորիայից ու մտածելով սկսում է հարցեր առաջադրել, պահանջներ ներկայացնել։

Երբ նոր էին եկել իշխանության՝ մենք ասում էինք, որ գործող Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որից բխում են մնացած օրենքները, ու անմիջապես պետք է փոխվի։ Դավիթ Հարությունյանն ու ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը մի սատանայական փաստաթուղթ են կազմել, որ ոնց պտտվես, ընկնես թակարդը։

Սահմանադրությունը բազմաթիվ անորոշությունների դաշտ է, ոնց կիրառես՝ հայտնվում ես հակասությունների մեջ։ Ուստի պետք է փոխվեր ողջ Սահմանադրությունը, պարզ հստակ ու հասկանալի դառնային բոլոր ձևակերպումները։

Բայց իշխանություններն այդ ճանապարհով չգնացին ու հիմա եկել հասել են նոր անորոշությունների ու փակուղիների։ Ուզում են վեթինգ կիրառել, բայց հենց կիրառեն՝ կընկնեն փակուղու մեջ, որովհետև նրանք էլ կդիմեն ՄԻԵԴ ու հսկայական փողեր կկորզեն մեր պետությունից ու իշխանությունից։ Համավարակն էլ եկավ խանգարեց այս ամենին, բայց Ազգային ժողովն էլ աշխատում է, պետք է այս հարցերն արագ լուծում ստանան։

– Կարծում եք՝ Սահմանադրական դատարանի հարցը կարելի՞ է Ազգային ժողովում լուծել և չսպասել, որ համավարակն անցնի, ու հանրաքվե անցկացնեն։

– Իհարկե կարող է, ո՞վ է Ազգային ժողովն ընտրել, ժողովուրդը։ Բա ինչի՞ համար ենք իրենց մանդատ տվել, թող գործի դնեն, ոչ թե նեյնիմ-նեյնիմ խաղան։ Խնդիրները պետք է հեղափոխական ձևով լուծվեն, ոչ թե թավշյա բամբակներով։ Կեղտը բամբակով չես կարող մաքրել, ցախավել է պետք։

Նույնը նաև Քոչարյանի դատը։ Փաստաբանները դատական պրոցեսը սարքել են կատակերգություն։ Քոչարյանը մեղքի գիտակցությունը կորցրել է, չունի խիղճ, չկա նաև զղջում ու առաջ գնալու հնարավորություն։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նախկինում արծաթագործ է եղել, 30 արծաթ շատ կսիրի, նոր միջնորդություններ են անում, որ դատական պրոցեսը ձգձգեն։ Նրանք միշտ աշխատում են իրականությունից ու արդարադատությունից փախնել որքան հնարավոր է հեռու։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում