ԱշխարհՄամուլ

«Մայրիկիս ասեք, որ սիրում եմ իրեն».Կեմերովոյի հրդեհի զոհ է դարձել դպրոցի մի ամբողջ դասարան

Հրդեհին պատանդ մնացած երեխաները կինոթատրոնից գրում ու զանգահարում էին հարազատներին` հրաժեշտ տալու համար։

Ինչպես գրում է armeniasputnik.am-ը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում են Կեմերովոյի մարզի Տրեշևսկի փոքր գյուղից 8 երեխա, որոնք սովորում էին 5–րդ դասարանում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Կիրակի օրը նրանք դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել մարզկենտրոն. այդկերպ մանկավարժներն ու ծնողները որոշել էին շնորհավորել նրանց գարնանային արձակուրդների կապակցությամբ։ Սակայն ուղևորությունն իսկական մղձավանջի է վերածվել։

Երեկոյան տեղի ժամանակով ժամը 5-ի մոտակայքում երեխաները սկսել են զանգահարել հարազատներին և ասել, որ նրանք գտնվում են այրվող կինոթատրոնում, շնչահեղձ են լինում և չեն կարողանում դուրս գալ։ Ինչպես պարզվեց, նրանք գնացել էին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոն մուլտֆիլմ դիտելու։

Հրդեհի բռնկման պահին կինոթատրոնի հիմնական ելքերը արգելափակվել էին կրակով, և երեխաները լացելով ասում էին, որ չեն կարողանում դուրս գալ. նրանք հրաժեշտ էին տալիս հարազատներին։ Մինչև այս պահը նրանց ճակատագրերը պարզ չեն։

«16:11–ին, հրդեհի բռնկումից հետո, կինոթատրոնից զանգահարեց զարմիկս` Վիկան։ Նա ասաց, որ ամբողջն այրվում է, կինոթատրոնի դռներն արգելափակվել են։ Չեմ կարողանում դուրս գալ, շնչել չեմ կարող։ Ես նրան ասում եմ. «Վիկա, հանի՛ր ամեն ինչ, շնչի հագուստի մեջ»։ Նա ասում է. «Մայրիկին փոխանցի՛ր, որ ես նրան սիրում եմ։ Փոխանցիր բոլորին, որ ես նրանց սիրում եմ» և դրանից հետո անջատվեց կապը», – պատմում է Եվգենյա Հովհաննիսյանը։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am

Կիսվել էջում