Մամուլ

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է: 99 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո, հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։

1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։

1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։

1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որովՕսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից:

1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։

1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին:

1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։

1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում:

1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։

1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

Կիսվել նյութով