Մամուլ

«Մահացած քաղաքացիներին արկղի պես նետում են մեքենաների մեջ»․ սկանդալ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում

«Մահացած քաղաքացիներին արկղի պես նետում են մեքենաների մեջ»․ սկանդալ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում

Mamul.am լրատվականի խմբագրություն բողոքով դիմել է քաղաքացի Կարեն Այվազյանը՝ ներկայացնելով իրավիճակը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում:

Ստորև՝ նրա նամակն ամբողջությամբ.

«13.03.2021թ. Աշտարակ ԲԿ-ի կողմից «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ բուժհաստատության վերակենդանացման բաժանմունք է ուղեգրվել քաղաքացի Փառանձեմ Գևորգի Մուրադյանը /ք. Աշտարակ, Վարդանանց 14/1 հասցեի բնակիչ/, Covid 19 համավարակի դրական թեստի առկայությամբ՝ երկկողմանի թոքաբորբով:

13.03.2021թ-ից մինչև առ այսօր մեր հիվանդի կլինիկական վիճակի վերաբերյալ բժիշկների կողմից ստանում ենք հակասական, իրարամերժ պատասխաններ:

Բուժհաստատության կողմից նշված 041.200.168 հեռախոսի համարը գրեթե միշտ անհասանելի է, իսկ երբ պատասխանում են հեռախոսին երկու ժամվա տարբերությամբ տալիս են 100 տոկոս տարբերվող պատասխաններ՝ կլինիկական լավից դեպի ծայրահեղ վատթար վիճակ: Հատկանշական է հենց բաժանմունքի վարիչի՝ հիվանդների հարազատների հետ վատ վերաբերմունքի դրսևորումը, որը արտահայտվում է ագրեսիվ խոսելաոճով մեր հարցադրումներին պատասխանելով. միթե նման մարդը կարող է կամ ունակ է բուժելու մեր հիվանդին:

coronavirus armenia

Փ. Գ. Մուրադյանը 80-անց կին է. ռիսկային խմբին պատկանող, զգայուն, վերջինի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ իր հարազատների հետ տեսակցելը, եթե դա հնարավոր չէ՝ խոսելր, որը կարող է լինել տեսակապով, կամ հեռախոսի միջոցով: Ես այս խնդիրները ժամանակին բարձրաձայնել եմ բուժհաստատության աշխատակազմին, բայց ստացել մերժողական պատասխան, որը ինձ մտահոգություն է պատճառում՝ առաջ քաշելով մի շարք հարցադրումներ՝

1. արդյոք հարազատի հետ տեսակապով կամ բջջային հեռախոսի միջոցով խոսելը կարող է բերել հիվանդության վիճակի կտրուկ վատացման,

2. թե երբ հիվանդը տեսակապով կամ բջջային հեռախոսով խոսելով իր մտերիմների հետ՝ կարող է ունենալ հիվանդության ընթացքի վրա դրական արդյունք:

3. ինչ բժշկական գաղտնիք է թաքցված` հիվանդի հետ հաղորդակցումը չթույլատրելու պարագայում:

Կարելի է կարծել սա ոչ թե հիվանդանոց է, այլ սպանդանոց:

Գուցե վերջինիս կլինիկական վիճակի վատթարացման պատճառը բժշկական անուշադրությունն է, անփութությունը, դեղորայք ժամանակին չտալը: Հատկապես հատկանշական է հենց բուժհաստատության հակասանիտարահիգիենիկ վիճակը, ողջ հաստատությունում չկա ոչ մի ախտահանիչ միջոց: Երեկոյան ժամերին, հատկապես ժամը 21.00-ի սահմաններում բուժհաստատության Covid-ի ընդունարանի մոտ տեղի է ունենում սահմռկեցուցիչ վիճակ, մահացած մարդկանց, կարելի է ասել, անպետք տուփերի պես նետում են մեքենաների մեջ:

Մի պահ կանգ առնելով՝ լսեցի, թե ինչպես է մի աշխատակիցը մյուսին ասում՝ «սրա անուն ազգանունը գրել, գցել եմ գլխի մոտ»: Ես ցանկանում եմ, որ իմ այս հայտարարությունը տեղ գտնի լրատվականում, լուսաբանվի և մերկացվի այս խայտառակ հիմնարկի ողջ հակամարդկային գործելաոճը»:

Դիմող Փ. Մուրադյանի թոռը՝ Կ. Այվազյան

Կիսվել նյութով