Մամուլ

Ճանապարհի մերկասառույցը Արարատի մարզում դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ. Mercedes-ը հայտնվել է ձորում

Ճանապարհի մերկասառույցը Արարատի մարզում դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ. Mercedes-ը հայտնվել է ձորում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Նարեկ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով Վեդի-Լանջառ հատվածում՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Գ-ն, ուղևոր՝ Վեդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Հայկ Խ-ն տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորներ՝ Վեդի քաղաքի բնակիչներ, 35-ամյա Ռոման Գ-ն ու 31-ամյա Ծերուն Ա-ն տարբեր աստիճանի մարմնական վնսասվածքներով տեղափոխվել են «Արարատ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Լանջառ գյուղի բնակիչները, ապա օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ 

mercedes avto

Մահացածների մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ 

Վթարի մասին ՃՈ ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ողջ գիշեշր ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ավագ տեսուչները տեղում ծառայություն են կատարել, մինչև վերամբարձ կռունկ բերվեր և մեքենան այնտեղից տեղափոխվոր ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը տեղացած առատ ձյունն ու մերկասառույցն են, քանի որ ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը ձյունից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։ 

Կիսվել էջում