Մամուլ

Ձերբակալված 9 անձանցից 8-ը կին են «Հրապարակ»

Ձերբակալված 9 անձանցից 8-ը կին են

Hraparak.am-ը գրում է․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մորաքույրը` Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետ Ամալյա Ադամյանը, երեկ ձերբակալվել էր։

Տեղեկացանք, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների կողմից ձերբակալվել են ընդհանուր թվով 9 անձինք, որոնցից 8-ը` կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաեւ նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6 մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ եւ աջակցել են նախաքննական մարմնին։

«Հրապարակի» հետ զրույցում Ադամյանի փաստաբան Արմեն Թևանյանը նշեց, որ գործով դեռևս մեղադրյալ չկա։ «Դե, երբ լինի, այն ժամանակ կիմանանք, այս պահին ոչ, չկան»,- ասաց նա։

adamyan amalya

Հարցին, թե որն է լինելու պաշտպանական կողմի դիրքորոշումն այն դեպքում, երբ ձերբակալվածները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, Թևանյանը պատասխանեց․ «Ես, ճիշտն ասած, ներկա չեմ եղել, ես առայժմ ներգրավված էլ չեմ։ Տեխնիկապես չենք հասցրել։ ԱԱԾ հաղորդագրությանը չեմ անդրադառնա, երբ որ մեղադրանք առաջադրեն, այդ ժամանակ կմեկնաբանեմ»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Գյումրիում զբաղվածության կենտրոնին դիմում են աշխատանք փնտրող, գործազուրկ քաղաքացիները, նրանք, ովքեր նոր մասնագիտություն են փորձում ձեռք բերել, և գործատուներ, ովքեր մասնագետներ են փնտրում։ Նրանց բոլորի համար մի քանի օր զբաղվածության կենտրոնի դռները փակ են եղել։ Տեղեկացանք, որ զբաղվածության կենտրոնի դռների կապարակնիքները հեռացվել են, և կառույց բնականոն աշխատանքի է անցել, սպասարկում է քաղաքացիներին։  

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Գյումրու զբաղվածության կենտրոնի աշխատանքը դեռ վաղուց է հայտնվել ԱԱԾ ուշադրության կենտրոնում, սակայն Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի գործոնը հաշվի առնելով` քայլեր չեն ձեռնարկվել, իսկ հիմա, երբ Մովսիսյանն արդեն ավարտել է կարիերան և հատկապես հավաքականին միանալ-չմիանալու խնդիր չունի, իրավապահներն անցել են գործի։

Կիսվել նյութով