Մամուլ

Հրապարակվել է այն բուհերի ցանկը, որտեղ Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը

Հրապարակվել է այն բուհերի ցանկը, որտեղ Արցախի ուսանողները կարող են շարունակել ուսումը

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ին ընդունել է մի որոշում, որով հաստատել է ԼՂ ուսանողները 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:

«Ցանկերում ներկայացված են տրամադրվելիք կրթաթոշակների առավելագույն չափերը ըստ կրթական ծրագրերի, և տարբեր պետական բուհերում նույն կրթական ծրագրի համար նախատեսված ուսման վճարների չափերը 2023-24 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների: Ցանկերում ներառված բուհերում մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել 560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը»,– ասված է հաղորդագրությունում:

Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների:

Նշվում է, որ որոշ կրթական ծրագրերի դեպքում սահմանված կրթաթոշակի չափն ավելի ցածր է, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը: Այդ դեպքում ուսանողը կարող է ընտրել նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մարզային մասնաճյուղ։ ԼՂ–ից բռնի տեղահանված ուսանողը կարող է լրացնել տարբերությունը նաև սեփական միջոցներով:

Այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղում ուսումնառած կրթական ծրագիրը ներկայացված չէ հրապարակված ցանկում, ուսանողը կարող է ուսումը շարունակել հարակից կրթական ծրագրով:

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։

Կիսվել էջում