Մամուլ

Հրազդանի վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ

Հրազդանի վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն, կան վիրավորներ

Shamshyan.com-ի հաղորդմամբ Կոտայքի մարզում, հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է ստացվել, որ կրակոցներից վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկություն է ստացվում, որ վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Սևանի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Աշոտ Կ-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Սամվել Ա-։ Սամվել Ա-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Նշված անձինք կրակոցներից վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

hrazdan varsaviranoc

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզում են, որ նույն օրը, ժամը 11;50-ի սահմաններում նշված վարսավիրանոցում Աշոտ Կ-ի, Սամվել Ա-ի և Մորիս Ս-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ-ն իր մոտ եղած «Մակարով» կրակել է Մորիս Ս-ի ուղղությամբ, ով ոտքի շրջանում վնասվածք է ստացել։

krakocner hrazdan

Իսկ Մորիս Ս-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս-ն, դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել է Աշոտ Կ-ի և Սամվել Ա-ի ուղղությամբ, որոնք նույնպես ոտքերի հատվածում ստացել են վնասվածքներ։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ավիս Ս-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել էջում