Մամուլ

Հունան Պողոսյանը հորս չի հարվածել. Շահեն Հարությունյան

Հունան Պողոսյանն անձամբ Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն չի գործադրել, չի հարվածել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:

Օրերս, երբ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Սյունիքի մարզպետ, բուռն քննադատություններ հնչեցին այս նշանակման վերաբերյալ, մասնավորապես՝ այն թեմայով, որ Պողոսյանը բռնություն է գործադրել Շանթ Հարությունյանի նկատմամբ:

2013 թվականին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է, թե նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը բռնություն է կիրառել իր նկատմամբ, սպառնացել ընտանիքին: Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Շանթ Հարությունյանն այս մասին ցուցմունք չի տվել եւ ասաց, որ հանձնարարել է տարիներ առաջ Հունան Պողոսյանի կողմից Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու հրապարակման վերաբերյալ նոր քննություն անցկացնել: «Շանթ Հարությունյանն էլ, հուսամ, կօգնի, որ պարզվի իրականությունը։ Ես այսօր խոսել եմ մեր իրավապահների հետ եւ ասել, որ պետք է նոր քննություն անցկացնել հնարավորության դեպքում»,- մասնավորապես, ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, մեր զրույցում ասաց, որ իր հոր հանդեպ բռնություն գործադրելու պահին ներկա են եղել եւ՛ Հունան Պողոսյանը, եւ՛ Վովա Գասպարյանը, եւ՛ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչո անունով հայտնի՝ Սերժ Սարգսյանի անվտանգության պետը, բայց Հունան Պողոսյանն ինքը չի հարվածել Շանթ Հարությունյանին.

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ինչ-որ թյուրիմացություն է եղել Շանթ Հարությունյանի պատմելուց: Այնտեղ բռնություն գործադրելու «դերը» Վաչագան Ղազարյանինն է եղել»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ հավելելով,- «Հունան Պողոսյանի ներկայությամբ շատ բան է եղել, որի համար ինքը մեղավոր է: Դա չէ խնդիրը: Բայց Պողոսյանը չի խփել Շանթին: Անձամբ ինքը հարված չի հասցրել, բայց էլ չեմ խոսում, թե իր ներկայությամբ ինչեր են եղել: Ես գիտեմ, որ Պողոսյանը չի հարվածել»:

Շահեն Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին անիմաստ ու անհիմն չեն մեղադրի. «Մենք էն մարդը չենք, որ մարդու վրա շառ անենք: Ասենք՝ հա, վարչապետը ասում է, մենք էլ ասենք, հարմար առիթ է: Բայց չէ, որ չի խփել, ասենք՝ խփե՞լ է: Սխալ է: Բռնություն եղել է, հայհոյանք եղել է, իմ անձի նկատմամբ էլ են սպառնալիքներ եղել այդ օրը, հարվածներ, բայց Պողոսյանի կողմից չէ, իր ներկայությամբ»,- ասաց Հարությունյանը:

Նա ասաց, որ նախկինում ոչ Վաչագան Ղազարյանի, ոչ Վովա Գասպարյանի արարքների վերաբերյալ ցուցմունքներ չեն տվել ո՛չ ինքը, ո՛չ էլ հայրը. «Իմաստ չուներ: Դատարանները գտնվում էին նախորդ իշխանության ձեռքին: Իմաստ չուներ երկրի նախկին ղեկավարի անվտանգության պետի դեմ ցուցմունք տալ»:

Մեր հարցին՝ այժմ դրա վերաբերյալ ինչ են պատրաստվում անել՝ Շահեն Հարությունյանն ասաց, որ դեռեւս սպասում է՝ հայրը՝ Շանթ Հարությունյանը, դուրս գա բանտից. «Շանթը դուրս գա, այդ հարցը լուծվի, հետո կանցնենք այս հարցին»:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով