ՄամուլՏեսանյութ

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը:

«Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը:

Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս:

Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար:

Զրույցի ընթացքում երիտասարդները վարչապետի պաշտոնակատարին պատմել են բուժումից հետո ունեցած հաջողությունների և գործունեության մասին:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին:

Այնտեղ տեղակայվելու են խաղային թերապիայի, ժամանցի սենյակները, ուսումնական լսարանները: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականի ամռանը:

Կիսվել նյութով