Մամուլ

Հյուրանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունն առգրավվել է. մանրամասներ դաժան դեպքից

Հյուրանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունն առգրավվել է. մանրամասներ դաժան դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին և տղամարդ, ներկայանալով մայր և որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված վիճակում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են վերոհիշյալ հյուրանոց և համար են վարձակալել:

Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը և հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ փորձել է դիմել փախուստի: Սակայն վերջինս հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել:

Մայրը և որդին տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հյուրանոցի բակային հատվածից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տարածքը տեսանկարահանող սարքերի տեսագրությունը պահպանող կրիչը, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Վերջինիս և տուժողի հետ համապատասխան քննչական գործողություններ դեռևս չեն արվել՝ առողջական վիճակի պատճառով:

Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել էջում