Մամուլ

ՀՀ ՊՆ ծառայողը BMW-ով բախվել է գազալցակայանի պատին

ՀՀ ՊՆ ծառայողը BMW-ով բախվել է գազալցակայանի պատին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 17։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել «ԷԼ ՊԻ ՋԻ Էներջի» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի պատին, ապա՝ բախվել քարերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Արման Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

bmw avtovtar

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ  Ռուստամյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժին, քանի որ պարզվել է, որ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Վթարի փաստով 8-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Share