Մամուլ

ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին հնարավոր է արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը

ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին հնարավոր է արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական փոփոխությամբ, որի համաձայն՝ մինչև 18 տարեկան անձանց կարգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքը։

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ էներգետիկ ըմպելիքներն ակտիվորեն օգտագործում են անչափահասները, որը լի է առողջության վրա ազդող բացասական հետևանքներով։

Պատգամավորը խնդրի վերաբերյալ հարցը բարձրացրել է նաև «Ֆեսբուք»-ի իր էջում, որին արձագանքել են որոշ ծնողներ՝ պնդելով այդ ըմպելիքների հետևանքով առաջացող առողջական խնդիրների մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղազարյանը մանրամասնում է՝ շատ ծնողներ նշել են, որ իրենց անչափահաս երեխաներն էներգետիկների պատճառով ձեռք են բերել անքնություն, իսկ որոշների շրջանում այն կախվածություն է առաջացրել։

«Ասում են՝ երեխայի մոտ առաջացրել է ցրվածություն, կախվածություն։ Այս ամենը հաշվի առնելով և նա այն, որ այդ էներգետիկների տուփերի վրա էլ գրված է՝ վաճառքը չի խրախուսվում երեխաներին, հղիներին, նյարդային գրգռվածություն ունեցողներին՝ որոշեցի հանդես գալ այսպիսի նախաձեռնությամբ. արգելել վաճառքը 18 տարին չլրացածների համար:

Նման օրենք արդեն գործում է ալկոհոլի և ծխախոտի դեպքում»,- ասում է նա։

Ղազարյանի կարծիքով՝ անչափահասներին առհասարակ զրկել այդ էներգետիկներից, հնարավոր չի լինի, սակայն օրենսդրական նման փոփոխությունը հնարավորություն կտա զսպելու ոլորտը։

Վերջինս նկատում է՝ նախագծի շուրջ բարձրացված իրազեկումը թույլ կտա ծնողներին և երեխաներին հասկանալ, որ այն այդքան էլ օգտակար բան չէ․

«Պատրաստվում եմ հարցումների միջոցով հասկանալ՝ որքանո՞վ է դրանց վաճառքը մեզ մոտ շատ և փորձաքննության ենթարկել՝ տեղեկանալու ընդհանուր բաղադրության մասին։

Էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչը կոֆեինն է, որ դրանց մեկ տարայում անհամեմատ ավելի շատ է, քան առկա է մեկ գավաթ սուրճի մեջ: Ունեն նաև շաքարի բարձր պարունակություն՝ դրա բոլոր բացասական հետևանքներով»:

Ըստ Ղազարյանի՝ էներգետիկ ըմպելիքների ենթադրյալ թողած բացասական ազդեցության վերաբերյալ հարցը պատրաստվում է քննարկել նաև Առողջապահության նախարարության մասնագետների, ԱԺ համապատասխան հանձնաժողովի անդամների հետ։ Պատգամավորն ընդգծում է՝ դեռ լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում