Մամուլ

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր անելու համար քրեական պատասխանատվություն կսահմանվի

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր անելու համար քրեական պատասխանատվություն կսահմանվի

ՀՀ կառավարությունը Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է առաջարկում, որով պատասխանատվություն կսահմանվի ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու համար։

Համապատասխան փոփոխության նախագիծը ՀՀ կառավարության նիստում ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրեց, որ գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված սահմանադրական կարգը տապալելու համար, մինչդեռ ինքնիշխանությունից կամավոր հրաժարվելու կամ բռնի պարտադրելու կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, թեև ինքնիշխանությունը պետության հիմնական հատկությունն է։

«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»,– պարզաբանեց Մինասյանը։

Նախագծով առաջարկվում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար սահմանել տարբեր չափի տուգանքներից մինչև առավելագույնը 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։

Իսկ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված տարբեր բռնի գործողություններ կատարելու համար առաջարկվու է սահմանել 10-15 տարվա ազատազրկում։

«Այս փոփոխությունը նշանակում է, որ որևէ մեկը չի՞ կարող հրապարակայնորեն կոչ անել ՀՀ–ի գոյություն չունենալու մասին»,– ճշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գրիգոր Մինասյանը դրական պատասխան տվեց` միաժամանակ հիշեցնելով, որ գործող Քրեական օրենսգրքով արդեն իսկ քրեական պատախանատվություն է սահմանված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար, ուստի նոր կարգավորումը լինելու է այդ հանցագործությունների շղթայի տրամաբանական շարունակությունը։

Կիսվել նյութով