Մամուլ

ՀՀ երեք նախագահները մերժում են Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառման հրավերը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի հրավերն ու չի մասնակցի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին։

«Նիկոլ Փաշինյանը, նախ, թող բարի լինի ներողություն խնդրի Սերժ Սարգսյանից ու նաև Ռոբերտ Քոչարյանից հրապարակային վիրավորելու համար: Դրանից հետո նոր կմտածենք՝ գնա՞լ, թե՞ չգնալ», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ի՞նչ է նշանակում մարդկանց հրապարակային քաղաքական դիակ անվանել, հետո հրավիրել Անկախության տոնին: Ես կարծում եմ, որ քաղաքական կոռեկտությունն ու էթիկետը, նախևառաջ, պահանջում են Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել հրապարակային վիրավորելու համար», – նշեց Է. Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ «ես չեմ կարծում, որ ճիշտ է՝ երբ վարչապետը մի բան է ասում, մի այլ բան անում, կեղծ բարեկրթության ձևերն անընդունելի են»։ Անկախության օրվա նվիրված միջոցառումներին չի մասնակցի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «ՀՀ առաջին նախագահը չի պլանավորում մասնակցել անկախության տոնի միջոցառումներին», ասաց փոխանցեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, նույնպես, չի մասնակցելու վաղը կայանալիք տոնական միջոցառումներին։

Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն օրեր առաջ ասել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվել են մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։

Աղբյուր՝ aysor.am

Կիսվել նյութով