Մամուլ

«Հին Էրիվան» ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

«Հին Էրիվան» ռեստորանում վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Այսօր՝ մայիսի 14-ին ժամը 00։30-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այդ պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ․-ն է։ Արդեն ժամը 00։40-ին Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած, ոչ թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն այս անգամ մեկնում է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները նույնպես հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Խ․-ն է։

Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և Հյուսիսային պողոտա – Թումանյան փողոցի խաչմերուկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Բ․-ին և Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Շ․-ին։ 

Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերել են արնանման հետքերով, գաղտնի փականով ծալովի դանակ։ 

Իսկ Տիտոգրադյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Խ․-ին։ 

Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Հին Էրիվան» ռեստորանային համալիրում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Նարեկ Ղ․-ն և Գոռ Խ․-ն կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և ծեծի ենթարկել Ռաֆիկ Բ․-ին և Դավիթ Շ․-ին։

Այդ ընթացքում էլ Ռաֆիկ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Նարեկ Ղ․-ին և Գոռ Խ․-ին։ 

Կիսվել էջում