ՄամուլՏեսանյութ

Հին ավտոմեքենան նորի դիմաց. ավտոշուկայում առաջիկայում նոր համակարգ կկիրառվի

Հին ավտոմեքենան նորի դիմաց. ավտոշուկայում առաջիկայում նոր համակարգ կկիրառվի

Հայաստանի ավտոշուկայում առաջիկայում կկիրառվի «Trade-in» համակարգը: Ավտոմեքենաների «Trade-in» համակարգը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում: Վերջին տարիներին այն հաջողությամբ ներդրվել է նաեւ ԵՏՄ անդամ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի եւ Ղազախստանի Հանրապետություններում:

Այս համակարգով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց օգտագործած ավտոմեքենաները վաճառել տվյալ մակնիշի արտադրողի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչին ու դրա փոխարեն գնել նորը` վճարելով գնային տարբերությունը։ Իսկ ներկայացուցիչն իր հերթին հետագայում այն վերանորոգում է ու վերավաճառում` շահավետ պայմաններով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է նվազեցնել ավտովաճառողներից գանձվող հարկերը։ Այս ճանապարհով նախարարությունը մտադիր է թեթեւացնել դեռեւս 2019 թվականին ՀՀ բերած մեծ թվով ավտոմեքենաների պարկը: Բացի այս, նախարարությունում հույս են հայտնում, որ այս համակարգի ներդրմամբ ավտոմեքենաների մեծ մասը կփոխարինվի նորով:

Ավտոմեքենաներ

Ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող քաղաքացիները չեն հավատում, որ այս համակարգը Հայաստանում լիարժեք կգործի, քանի որ վստահ չեն, որ պաշտոնական ներկայացուցիչները օգտագործված մեքենայի համար խելամիտ գին կառաջարկեն:

Ի դեպ, տեղեկացենք, որ գործող օրենքով օգտագործված ավտոմեքենան նորով փոխարինելու դեպքում ավտոսրահը դրա դիմաց մի քանի անգամ է հարկվում. վճարում է հին ավտոմեքենայի գնման արժեքի 20 տոկոսի չափով, վերավաճառելիս` վաճառքի գնի տարբերության 20 տոկոսի չափով, եւ 10 տոկոսի չափով` որպես ԱԱՀ, քանի որ հանդես է գալիս քաղաքացու անունից` որպես հարկային գործակալ:

Այս դեպքում էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թեթեւացնել Trade-in համակարգով կատարվող գործարքների հարկերը։ Իսկ նոր ավտոմեքենաների հետ փոխանակված հին ավտոմեքենաների վաճառքի դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին առաջարկվում է ԱԱՀ-ով հարկել ոչ թե ավտոմեքենայի վաճառքի ամբողջ գնի, այլ միայն դրա ձեռքբերման և օտարման արժեքների տարբերության 20 տոկոսի չափով։

Իսկ ավտոմեքենան գնող քաղաքացիների նկատմամբ կիրառվող եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափն ընդհանրապես առաջարկվում է չեղարկել։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով