Ժամանց

Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը

Հետաքրքիր ամուսնություն, լավ օժիտ և գոլ ջուր. 100-ամյա Մարիամ տատի երկարակեցության գաղտնիքը

Armeniasputnik.am-ը գրում է․ Մեկ դար ապրած գյումրեցի տատիկը պատմում է իր անցած ուղին և բացահայտում երկարակեցության պարզ գաղտնիքը։

Մարիամ Եղիազարյանը 100 տարեկան է, բայց ծննդյան օրն ու ամիսը չգիտի:

Իր շատ հասակակիցների նման անձնագրում ամրագրված է միայն ծննդյան տարեթիվը, իսկ ամսվա ու օրվա փոխարեն՝ զրոներ են:

Դա միակ բանն է, որ տատի հիշողության մեջ դաջված  չէ, մնացած բոլոր հարցերին Մարիամ տատը շատ սթափ ու ճշգրիտ պատասխան է տալիս:

Կյանքի դժվարությունները նրան չեն ընկճել: Նույնիսկ հիմա չի սիրում բողոքել ու պահանջել:

Ասում են`Մարիամ տատին շատերն են սիրում իր բարության ու դրական էներգիայի  համար:

Ապրում է միայնակ. 4 երեխաներից 2-ն արդեն չկան, մեկը երկրում չէ, իսկ նա, ով Հայաստանում է առողջական լուրջ  խնդիրներ ունի:

Տատին պարբերաբար  թոռներն են այցելում: 

Նա հրաժարվում իր տանից բացի այլ տեղ ապրել:

Մարիամ տատի մայրը կարսեցի է, ջարդերի ժամանակ փախել եկել է Գյումրի:  Ավելի ուշ ամուսնացել է, իսկ Մարիամին պահել ու մեծացրել է քեռին:

«Քեռիս երեխա չուներ, ինքն էլ, քեռակինս էլ ինձ շատ սիրում ու լավ պահում էին, վերջում էլ լավ օժիտ են տվել»,-պատմում է տատը: 

Տատի համար  ամենալավ տարիները 30 ականներն էին՝  երիտասարդության տարիները: Պատմում է՝ դրսում առաջինն իրեն սկեսրայրն է տեսել:

«Հարցրել է՝ ու՞մ  աղջիկն է, ասել են «կասիր» Սարգիսի աղջիկն է, մյուս օրը  եկան ինձ  ուզելու: Ես 19 տարեկան էի: Ամուսինս հոր պես մաշինիստ էր (երկաթուղային):

Շատ  լավ ամուսին եմ ունեցել, խիստ չի եղել ու ինձ շատ սիրել է:

Կյանքում չեմ աշխատել, ամբողջ կյանքս երեխաներիս, ապա թոռներիս եմ պահել»,-պատմում է տատը:

Խոսելով երկարակեցության մասին՝ նախ ծիծաղում է, ապա ասում՝ շատ ջանք չի գործադրել, ոչ մի արտառոց բաղադրատոմս չունի, միայն շատ է սիրում գոլ ջուր խմել:

Նույնիսկ մի պատառ ուտելուց հետո գոլ ջուր  է խմում՝ սովորություն է:

Ծանոթները փաստում են ՝օրական 2 թեյնիկ գոլ ջուր է խմում:

Մարիամ տատը սիրում է առավոտյան լավ ուտել՝ ճաշը տատի համար առաջին կերակուրն է:

«Կյանքիս մեջ դեղ խմած չկամ, միայն մեկ-մեկ, երբ գլուխս շատ է ցավում Ասկոֆեն  եմ  խմում»,-անկեղծանում է տատը:

Մարիամ տատը նաև վստահեցնում է՝ չնայած անդառնալի կորուստներ է ունեցել՝  որդին ու դուստրը, բայց երբեք  մյուսների մոտ չի տրտնջացել։

Այսօր էլ, երբ հարցնում ես` ի՞նչ ես ուզում, ասում է՝ ես ոչինչ, ինձ  ոչ մի բան պետք  չէ, թող միայն ջահելները լավ լինեն: 

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում