ԺամանցՇոու-բիզնես

«Հենց լինի մի օր, որ լրիվ ազատ լինենք, կամուսնանանք». Գրիգ և Սոնա (Ֆոտոշարք)

Ավելի քան վեց տարի է, ինչ հումորիստ, սցենարիստ Գրիգոր Գևորգյանը և պարուհի Սոնա Եսայանն ընկերություն են անում: Նրանց սիրո պատմությունը ճիշտ իրենց նման է՝ արկածներով ու հետաքրքիր պատմություններով լի: Երկարատև հարաբերությունների հետաքրքիր դրվագները զույգը վստահել է BRAVO.am-ին, ինչպես նաեւ նկարահանվել նոր ֆոտոշարքում:

«Չենք սիրում նրան, ում միջոցով ծանոթացել ենք»

Գրիգ. Ծանոթացել ենք սոցիալական ցանցերից մեկում՝ ծանոթի շնորհիվ: Այդ ծանոթի անունը չենք ասում, որովհետեւ չենք սիրում իրեն: Նա նույնիսկ չգիտի, որ իր միջոցով ենք ծանոթացել: Առաջին դիալոգը շատ լավ ստացվեց ու դրան հաջորդեցին երկրորդը, երրորդը… Առհասարակ չենք ժամադրվում, ուղղակի միասին ինչ-որ տեղ ենք գնում:

Սոնա. Մինչ մեր պաշտոնական ժամադրությունը, Գրիգն ինձ մի քանի անգամ տեսել է, ես իրեն՝ ոչ: Առաջին անգամ մեր ժամադրությանն եմ տեսել: Երկար էի պատրաստվել առաջին հանդիպմանը: 

grig sona 3

«Ես կպատմեմ ճիշտը…»

Սոնա. Գրեթե միշտ սպասողի դերում եմ: Գրիգը շատ է ուշանում, եղել է, որ երկու ժամ սպասել եմ: Ինքս միշտ կես ժամ շուտ եմ պատրաստ լինում։ Մեր հարցազրույցն էլ Գրիգի ուշանալու պատճառով հետաձգվեց: Համերգներով պիտի մեկնեինք Եվրոպա: Բոլորով օդանավակայանում սպասում էինք Գրիգին, ուշանում էր: Դե, պատկերացրեք, արդեն ասում էին, որ գրանցումը չենք կարող անցել, ու թռիչքը տեղի կունենա առանց մեզ:

Գրիգ. Իսկ հիմա ես կպատմեմ ճիշտը (Սոնան միջամտում է՝ «Ես ճիշտն եմ պատմել»): Անիմաստ չէի ուշացել: Կար մի հաղորդում, որն ուղիղ եթերում էր, ես ամփոփում էի ֆուտբոլային հանդիպումները: Քանի որ տասն օրով երկրից պիտի բացակայեի, որոշեցինք ձայնագրել հաշիվների բոլոր հնարավոր տարբերակները: Դա մոտավոր 24 ժամ տևեց: Հետո օդանավակայանի ճանապարհին մեքենան խափանվեց: Բայց հասցրի վերջին վայրկյանին: 

grig sona 2

«Բա՞ մեղրը»

Սոնա. Սկզբում շատ-շատ էինք վիճում: Հետո հարաբերություններն ամրացան, միմյանց լավ ճանաչեցինք, ու վեճերը քչացան: Բայց չի եղել, որ վիճենք ու երկար ժամանակ չխոսենք: Միշտ արագ ենք հաշտվել: Առաջին քայլը միշտ Գրիգն է անում:

Գրիգ. Մեր շփման հենց սկզբից Սոնային միշտ մեղր էի ասում: Ընկերներիցս Զիրոյանը երկար ժամանակ մտածել է, թե Սոնայի անունը մեղր է: Մի օր դեպք եղավ, ասացի` Սոնան, հարցրեց՝ ի՞նչ Սոնա, ասացի՝ ո՞նց, իմ Սոնան, ասաց՝ ո՞նց, բա՞ մեղրը:

grig sona

Սոնա. Այդ անունը եկել է իմ մազերի գույնից: Այդ ժամանակ մազերս մեղրագույն էին: Գրիգը շատ է սիրում այդ գույնը:

Գրիգ. Ինչպես տեսնում եք, Սոնան ինձ լսում է ու հարգում է իմ կարծիքը, դրա համար էլ մազերը սեւ է ներկել: 

grig sona 5

Ռոմանտիկ ընթրիքի փոխարեն

Գրիգ. Լրանում էր մեր ընկերության մեկ տարին: Ես այնպիսի մարդ եմ, որ արհեստական ոչինչ չեմ սիրում, այդ թվում՝ մոմերով ընթրիք: Բայց քանի որ մեկ տարին էր, որոշեցի անակնկալ ընթրիք կազմակերպել: Սոնային վերցրի իրենց տնից, մեքենայի մեջ խոսքից խոսք բացվեց, որ Սոնան նույնպես չի սիրում նման ընթրիքներ: Ես էլ առաջարկեցի, որ գնանք «Քեյ ԷՖ Սի»: Ու այդպես էլ նշեցինք: 

Սոնա. Ամեն տարի նշում ենք սիրո տոները: Քանի որ հիմա միմյանց անգիր գիտենք, այնպես է ստացվում, որ ինչ նվիրում ենք, նվիրում ենք նույնը: Ես նվիրում եմ ժամացույց, ստանում եմ նույն ժամացույցից նվեր: Չեմ սիրում հանրային անակնկալներ: Եթե բեմից Գրիգն ամուսնության առաջարկություն անի, կփախչեմ: Անակնկալները պետք է լինեն այնպես, որ երկուսով իմանանք:

grig sona 4

Գրիգ. Մենք իրար շատ նման ենք ու շատ տարբեր: Տարբեր ենք՝ իրար լրացնելով: Բնավորության տարբերություններն աշխատանքում է շատ օգնում: Սոնան սառը դատում է իմ աշխատանքի հետ կապված հարցերում, ես՝ իր: 
Հենց լինի մի օր, որ լրիվ ազատ լինենք՝ կամուսնանանք:

Աղբյուր՝ Bravo.am

Կիսվել նյութով