Մամուլ

Հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած երիտասարդը առաջին սմարթ կանգառն է բացել (Ֆոտո)

Հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած երիտասարդը նվեր է մատուցել: Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ հուլիսի 3-ին տեղադրվեց առաջին սմարթ կանգառը:

Նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը գյումրեցի գործարար Նորայր Դավթյանն է, որը մոտ 20 տարի բնակվել է Մոսկվայում և միայն անցած տարի է մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:

«2 տարեկանում տեղափոխվել ենք ՌԴ, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո տեղափոխվեցինք Գյումրի: Որդուս ապագան Հայաստանում եմ տեսնում: Մինչ հիմնական բնակության մեկնելը նախ եկա տեսա, որ այստեղ կարելի է և՛ ապրել, և՛ բիզնես անել, և նոյեմբերից արդեն հիմնական տեղափողվեցինք»,- լրագրողներին պատմեց երիտասարդ գործարարը` տեղեկացնելով, որ այս պահին Տավուշի մարզում գյուղատնտեսական ֆերմա ունի:

Խելացի կանգառ

Կանգառի լուսավորությունն ապահովվում է արևային էներգիայով, իսկ ներսում տեղադրված սարքերի միջոցով հնարավոր է լիցքավորել բջջային սարքերը:

«Երբ եկա, ուզեցի, ինչ-որ մի օգուտ տալ մարդկանց, բայց ցանկացա, որ դա լինի շատերի համար կիրառելի մի բան: Այս կանգառում մարդիկ կկարողանան հանգիստ սպասել և միաժամանակ լիցավորել իրենց հեռախոսները: Դիզայնի համար դիմել եմ Մոսկվայի և Երևանի ճարտարապետներին: Մենք հիմնվել ենք միջազգային ընկերությունների փորձի վրա և տեղայնացրել ենք, որ քաղաքի ճարտարապետության հետ էլ համահունչ լինի: Համ էլ թեթև ու սիրուն լինի»,- ասաց երիտասարդը։

Նա նշեց, որ ներդրման կոնկրետ չափն այս պահին չի կարող նշել, դա պարզ կդառնա երեք տարվա ընթացքում, որովհետև գումար է ծախսվել ոչ միայն կանգառի կառուցման, այլ նաև սպասարկումն ապահովելու ու պահպանելու համար:

Խելացի կանգառ

Դավթյանի կազմակերպությունը Գյումրիում սմարթ կանգառներ սարքելու, դիզայնն ապահովելու, անվտանգ ու մաքուր պահելու դիմաց կդառնա գովազդային տարածքների օպերատոր: Հավելենք, որ ընդհանուր առմամբ, քաղաքում նախատեսված է 3 տարվա ընթացքում տեղադրել 70 կանգառ, որոնցից 35-ը կտեղադրվի այս տարի։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով