Հարվածել են ռուս զբոսաշրջիկի դեմքին ռուսերեն խոսելու պատճառով
Հուլիսի 18-ին Կախեթիի Agarani Estate հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի շրջանակում Թելավիի դատարանը Գիորգի Չիգլաձեին ազատ է արձակել 1900 դոլար գրավի դիմաց։
BBC-ի փոխանցմամբ՝ համացանցում լայն տարածում գտած տեսագրությունը մեծ արձագանք և քննարկումներ է առաջացրել։ Տուժածի ընկերուհին՝ Պոլինա Կուրտան, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ հարձակման պատճառը եղել է իրենց ռուսերեն խոսելը։
Սակայն վրացական կողմը և դեպքի այլ ականատեսներ այդ պնդումը չեն ընդունում՝ նշելով, որ միջադեպը ազգային կամ լեզվական հիմք չի ունեցել, իսկ բախումը սկսվել է զբոսաշրջիկների սադրիչ գործողություններից հետո։
Տուժողը, որը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացի է, ընկերուհիների հետ հյուրանոցում նշում էր իր ծննդյան տարեդարձը։ Այդ ընթացքում հարևանությամբ անցկացվող հարսանեկան արարողության փեսացուի եղբայրը՝ Գիորգի Չիգլաձեն, ըստ հաղորդումների, հարվածել է նրա դեմքին։
Չիգլաձեին մեղադրանք է ներկայացվել դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, որի համար օրենքը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Միևնույն ժամանակ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հղում անելով վկաների ցուցմունքներին, հայտնել է, որ վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները վիրավորել են հարսանեկան միջոցառման մասնակիցներին և հեղուկ լցրել երաժշտական սարքավորումների վրա։


