Մամուլ

Հատուկ նախաճաշեր նախադպրոցականների համար. Նոր որոշում է ընդունվել

Հայաստանի մարզերի նախադպրոցական տարիքի երեխաներին մեկ տարի շարունակ ամեն առավոտ սպիտակուցով հագեցած բրդուճներ են տալու։  ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում փորձնական նախագիծ է իրականացնելու, որի շրջանակում նախադպրոցական տարիքի երեխաներին սպիտակուցով հագեցած նախաճաշ են տալու։

Այսօր` սեպտեմբերի 7-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրեցին փորձնական ծրագրի իրականացման համաձայնագիրը։

Նախագծին մասնակցելու են մանկապարտեզների ավագ խմբերի ու նախակրթական հաստատությունների սաները (5-6 տարեկան) Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում։ Ընդհանուր առմամբ ծրագիրը ներդրվելու է Հայաստանի 50 նախակրթարանում։

«Ծրագիրը փորձնական է և առաջին անգամ է իրականացվելու Հայաստանում։ Ինձ զարմացրել է` որքան քնքշությամբ են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում իրենց երեխաներին», – լրագրողների հետ զրույցում ասաց Միլոշևիչը։ Նրա խոսքով` ծրագիրը կօգնի բազմազան դարձնել երեխաների սննդակարգը։

Իսկ մարզերն ընտրել են` հաշվի առնելով աղքատության մակարդակը։ Կրթության փոխնախարարը նույնպես կարևորեց ծրագիրը` նշելով, որ մեկ տարի շարունակ հետազոտություններ անցկացնելով՝ կգնահատեն դպրոցական նախաճաշի ազդեցությունը երեխաների սովորելու ունակության վրա, կհամեմատեն նախաճաշ չտվող նախակրթարանների սաների առաջադիմության հետ: Սա ՄԱԿ-ի միակ ծրագիրը չէ, որ իրականացվում է Հայաստանում։

2010 թվականից ՀՀ մարզերում իրականացվում է նաև դպրոցականների սննդի հետ կապված մեկ այլ խոշոր ծրագիր։ Նախագիծը ներդրվել է Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Հայկական դպրոցների համար դոնոր երկիր է հանդես գալիս Ռուսաստանի կառավարությունը,, որի ֆինանսական մասնակցությունը ծրագրին մինչև 2018 թվականը կկազմի 35,61 մլն դոլար: «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են ծրագիրը հինգ տարով երկարացնելու ուղղությամբ։

Նա նշեց, որ 2013-2014 թվականներին ծրագրի շրջանակում Սյունիքի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի դպրոցներով զբաղվում է Հայաստանի կառավարությունը։ Իսկ դպրոցականների սնունդն այլ մարզերում ապահովում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` Ռուսաստանի դրամաշնորհների հաշվին։

2017-2018 թվականներին ազգային ծրագրին միացել են Տավուշն ու Շիրակը։ Այսօր 40 հազար երեխա դպրոցական սնունդ են ստանում պետբյուջեի հաշվին։ Մնացած 60 հազարը ՄԱԿ-ի ծրագրի խնամքի տակ են։ «Ամեն տարի մեկ մարզ անցնելու է ՀՀ կառավարության հաշվեկշռին ու հինգ տարի անց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կավարտի իր առաքելությունը Հայաստանում», – ասաց Եսայանը։

Հիմա ծրագիրը նախատեսված է 1-4 դասարանների երեխաների համար, յուրաքանչյուր երեխայի համար օրական 140 դրամ է հատկացվում։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում