Մամուլ

Հավանաբար, 3-4 տարուց Աղետի գոտում ժամանակավոր կացարաններ և դրանցից բաղկացած թաղամասեր չունենանք. Լևոն Բարսեղյան

«Էսօր կարեւոր օր էր։ Վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Աղետի գոտու ժամանակավոր կացարանների եւ դրանցում ապրող կամ հաշվառված ընտանիքների փաստագրման եւ անօթեւանության խնդրի լուծման առաջարկների մշակման եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի հաշվարկման աշխատանքային խումբը գումարեց իր առաջին նիստը։

Շահագրգիռ ու արդյունավետ նիստ էր։ Նախատեսվում է, որ աշխատանքային խումբը ամենաուշը մինչեւ հունիսի 30-ը կիրականացնի իր վրա դրած վերոհիշյալ աշխատանքային ծավալը, հստակ քարտեզագրված կլինեն ժամանակավոր կացարանները Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի բոլոր բնակավայրերում, պարզ կլինեն դրանցում գրանցված եւ/կամ ապրող բոլոր ընտանիքների կազմերն ու կարգավիճակները, դրանք կխմբավորվեն ըստ կարգավիճակների, անօթեւանության պատճառների եւ այլն։

Ապա, հավանաբար, կառավարությունը այդ տեղեկությունների եւ առաջարկների հիման վրա համալիր ծրագիր կգործարկի այն հաշվով, որ ժամանակավոր կացարանները վերացվեն եւ դրանցում ապրող մարդիկ որեւէ եղանակով պատշաճ բնակարանային պայմաններ ստանան (սեփական կամ սոցիալական բնակարան, ԲԳՎ, հնարավոր դեպքում տնակի կամ կացարանի սեփականաշնորհում եւ այլն)։

Մեկնարկած այս գործընթացն առաջինն է հետերկրաշարժյան պատմության մեջ, երբ լուծելիք խնդիր համարվում է ոչ միայն երկրաշարժից անմիջականորեն անօթեւան դարձած մարդկանց բնակարանային խնդիրների կարգավորումը, այլեւ փաստացի՝ ժամանակավոր կացարաններում ապրողների խնդիրները։ Հավանաբար, 3-4 տարուց Աղետի գոտում ժամանակավոր կացարաններ եւ դրանցից բաղկացած թաղամասեր չունենանք»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Լևոն Բարսեղյանը:

Կիսվել էջում