Մամուլ

Հղի կանանց համար նոր արտոնությո՞ւն. հասարակական տրանսպորտը կարող է դառնալ անվճար

Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կոլունովը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ հղի կանանց համար կարող է սահմանվել անվճար երթևեկություն հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներով։ Այդ մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել հղի կանանց համար բոլոր տեսակի հասարակական տրանսպորտով անվճար երթևեկություն ապահովելու հնարավորությունը։ Այս հարցը բազմիցս բարձրացվել է քաղաքացիների կողմից հանդիպումների և ընդունելությունների ընթացքում, ուստի այն չափազանց կարևոր է։ Մոտ ժամանակներս համապատասխան առաջարկով կդիմեմ Ռուսաստանի տրանսպորտի նախարարին»,- նշել է պատգամավորը։

Կոլունովի խոսքով՝ արտոնությունը նպատակահարմար կլինի տրամադրել հղիության հաշվառումը հաստատող փաստաթղթի հիման վրա, ինչը թույլ կտա կանխել հնարավոր չարաշահումները և կդյուրացնի վերահսկողության գործընթացը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ նախաձեռնության իրականացումը կնպաստի երիտասարդ և բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացմանը։ Նրա գնահատմամբ՝ սա կարող է դառնալ ծնելիության խթանմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված լրացուցիչ աջակցության միջոց։

Կիսվեք ձեր էջում