Մամուլ

ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը

ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանի քննադատությանը

Այսօր ճգնաժամային արձագանքման արդյունավետությունը բարելավելու բազմաթիվ առաջարկներ արվեցին, այդ թվում՝ Հայաստանի կողմից՝ հիմնվելով Ղազախստանում ձեռք բերված գործնական փորձի վրա։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատության մասին հարցին։

«Չէ որ ընդհանուր առմամբ համակարգն աշխատեց։ Այո, որոշ բաներ ստիպված էինք ձեռքով կարգավորել: Այդպես չպետք է լինի, հիմա խնդիր է դրված շտկումներ կատարել՝ չխախտելով գոյություն ունեցող համակարգը, որն աշխատեց եւ հնարավորություն տվեց կատարել առաջադրանքը, այդ թվում՝ Ղազախստանում։

hapk pashinyan

Եզրակացություններն արված են, եւ շտկումներ կարվեն։

Խոսք եղավ նաեւ կովկասյան տարածաշրջանի մասին։ Այս հարցը կմշակվի ու կքննարկվի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀԱՊԿ-ն խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ՀԱՊԿ արձագանքման ընթացակարգով նախատեսված մեխանիզմները գործարկելու խնդրանքով։ Ցավոք, չի կարելի ասել, որ Կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը»,- հավելել է նա։

Կիսվել նյութով