ՄամուլՏեսանյութ

Հանրապետության հրապարակից պարեկներն իրականացրեցին «Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ» օպերացիան (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակից պարեկներն իրականացրեցին «Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ» օպերացիան (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են «Ուրբաթ գիշեր բոլորովին քուն չունեմ» օպերացիան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերացիայի բուն գործին անցնելը, պարեկները  հավաքվեցին Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց հրահանգավորումներ տվեց ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը:

Փոխոստիկանապետին հետագա անելիքների մասին զեկուցեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, որից հետո փոխոստիկանապետը, պարեկային ծառայության պետը, Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը հերթակամ անգամ հրահանգավորումներ տվեցին ու պարեկները անցան «որսի»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրվա միջոցառման արդյունքում հայտնաբերվել է 10 ավտոմեքենա, որոնք եղել են թույլատրելի սահմանները խախտած թաղանթապատված, 4 ավտոմեքենա եղել է առանց համարանիշների, 33 վարորդ ավտոմեքենաները վարել են ոչ սթափ, 42 վարորդ ավտոմեքենաները վարել է առանց վարորդական իրավունքի, 23 վարորդի երբ պարեկները կանգնեցրել ու պահանջել են փաստաթղթերը, այդ վարորդները իրենց դրել են հայտնի ու սիրված դերասան Կարպ Խաչվանքյանի «Տաքսի- տաքսի» Կնյազի կերպարում, ասելով՝ թե փաստաթղթեր ունենք, կորցրել ենք, կամ փաստաթղթեր ունենք, մոռացել ենք տանը:

parekayin

32 ավտոմեքենայի ԱՊՊԱ ժամկետը եղել է անցած, 2 ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել «դռիկներ», 1 ավտոմեքենայի միջից հայտնաբերվել է թմրանյութ, 10  ավտոմեքենայի մեջ եղել է օրենքով արգելված սառը զենքեր, 1 ավտոմեքենայի մեջ եղել է ինքնաձիգ (ավտոմատ), 1 ավտոմեքենայի մեջ եղել է ատրճանակ, (տեսակը պարզվում է), 2 ավտոմեքենա վերասարքավորված է եղել խլացուցիչով, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվել է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի թանկարժեք ավտոմեքենաների վարորդներ փորձել են «կինո խաղալ» պարեկների հետ, չեն ենթարկվել նրանց «կանգ առ» օրինական պահանջին, սակայն մի քանի մետր առաջ գնալով, հայտնվել են մյուս պարեկների տեսադաշտում, որից հետո «խոնարհ հարսի» նման ենթարկվել են պարեկային ծառայության պարեկների օրինական պահանջներին:

Այդ ավտոմեքենաներից մի քանիսը նույնպես տեղափոխվել են « պլաշչադկա»: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ու Երևանի գնդի ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում են վարորդներին՝ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի վարած ավտոմեքենայից ու նրա զբաղեցրած պաշտոնից, օրինախախտում թույլ տալու դեպքում հանգրվանելու են հատուկ պահպանվող տարածքում, ինչպես որ այդ օրը կատարված միջոցառման արդյունքում վարչական պատախանատվության են ենթարկվել նաև ուժային կառույցների մի քանի չինովնիկներ:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում