Մամուլ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատգամավորի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատգամավորի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած անձանց նկատմամբ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի և Սիսակ Գաբրիելյանի հանդեպ խուլիգանական գործողություններ կատարած երկու անձանց նկատմամբ դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Ըստ դատախազության՝ մեղադրյալներից մեկը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող ակցիայի ընթացքում հավկիթներով հարվածել է խորհրդարանի շենքին մոտեցող պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ծառայողական ավտոմեքենային, ինչից հետո մեղադրյալը բերման է ենթարկվել:

Ըստ մեղադրանքի՝ ակցիայի մի խումբ մասնակիցներ փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Նրանց միացած մյուս մեղադրյալն ու գործով չպարզված անձինք խոչընդոտել են պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի երթևեկը:

Պատգամավորն առաջարկել է բացել ճանապարհը, սակայն մասնակիցներից մեկը հարվածել է նրա մեքենային, ինչի հետևանքով վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև:

Դատախազության փոխանցմամբ՝ այդ ընթացքում մեղադրյալն ու մյուս մասնակիցները հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Գաբրիելյանին, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրան:

«Լուրերին» հայտնի դարձավ, որ քրեական հետապնդման ենթարկված անձանցից մեկը այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանն է:

Կիսվել էջում