Մամուլ

«Հանգիստ ընտանիք էր, չեմ կարծում՝ թշնամի ունենար»․ Պեմզաշենի ղեկավարը՝ սպանված ընտանիքի մասին

«Հանգիստ ընտանիք էր, չեմ կարծում՝ թշնամի ունենար»․ Պեմզաշենի ղեկավարը՝ սպանված ընտանիքի մասին

News.am-ը գրում է․ Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում մահացած հայտնաբերված իր անչափահաս երեխաների հետ սպանված հայտնաբերված 31-ամյա կինն աշխատում էր տեղի պոլիկլիկայում որպես օպերատոր։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը։

«Ընտանիքն ապրում էր երեքով։ Տղան 12 տարեկան էր, դուստրը՝ 8։ Ընտանիքի հայրն աշխատում է Ռուսաստանում, ժամանակ առ ժամանակ վերադառնում է։ Շատ հանգիստ, նորմալ ընտանիք էր։ Մենք երբեւէ այդ տնից բարձր ձայներ չենք լսել։

Չեմ կարծում՝ թշնամի են ունեցել։ Այս պահին գյուղում դեռ ոչ մի վարկած չի շրջանառվում։ Բոլորս շոկի մեջ ենք»,- նշեց Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված են հայտնաբերված 31-ամյա կինը եւ նրա երկու անչափահաս երեխաները։

Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով(սպանություն) եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ (անչափահասի սպանություն) կետերով։

Կիսվել նյութով