ԱշխարհՄամուլ

Հայ լինելը առավելություն է․ մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը

Մահացել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը։

Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:

Արա Գյուլերը 1950 թվականից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958 թ. դարձել է ամերիկյան «Թայմ-Լայֆ» հանդեսի թուրքական մասնաճյուղի` Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ ֆրանսիական «Փարիզ մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի թայմս»:

1961 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը: Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսաանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում:

2013 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Արա Գյուլերի «Բարև ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կապակցությամբ լուսանկարիչը ժամանել է Երևան:

Թուրքիայի վարչապետի հետ դեպի երկրի խորքը կատարած մի ուղևորության ընթացքում Գյուլերը հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը (մ.թ.ա. 6-րդ դար): Նա նկատել է հունական  սյուներին   նմանվող  ավերակները  և  հնագետների ուշադրությունը հրավիրել դրանց վրա:

Հնավայրը պեղելիս արդեն պարզվել է, որ այն իր մեջ է ամփոփում հունական մի հին մշակույթի ավեակները:

Կիսվել նյութով