Շոու-բիզնես

Հայրս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ ունենալու, կյանքից հեռանում են

«Հայրս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ ունենալու, կյանքից հեռանում են»: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը երեկ նշել է 40-ամյակը։ Գոհարի խոսքով, չնայած ինքը սնահավատ չէ, սակայն տարեդարձն անց է կացրել իր համար նախընտրելի համեստ տարբերակով՝ ընտանիքի ու բալիկների շրջապատում։

Tert.am Life-ը Գոհար Հարությունյանի հետ զրուցել է տարեդարձի խորհրդի, անձնագրային տարիքի վերաբերյալ իր մտածմունքների և տոնելու նախընտրելի տարբերակների մասին։  

Գեղեցկուհու տիտղոսակիր 5 երեխաների մայրկին, որին հաջողվում է պահպանել սլացիկ կազմվածքը, ևս մեկ տարով մեծանալու հանգամանքը միայն ուրախացնում է։ Գոհարն այս հարցի վերաբերյալ ունի իր տեսակետն ու մի քիչ փիլիսոփայական մոտեցումը․ «Ես կարծում եմ, որ ևս մեկ տարով մեծանալու փաստին պետք է նայել հետևյալ սկզբունքով՝ երջանիկ լինել, որ մեկ տարի էլ եք ապրել, երջանիկ եք եղել, այդ տարվա ընթացքում կորուստներ չեք ունեցել։ Երեկ ես մտածում էի, որ հայրիկս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ անգամ ունենալու, կյանքից հեռանում են»։

Գոհար Հարությունյան

Շարունակելով թեման Գոհարն ասաց՝ պետք է ապրած յուրաքանչյուր տարվա համար երջանիկ լինել՝ Աստծուն շնորհակալություն հայտնելով, որ նա քեզ տալիս է ծերություն․ «Կարծում եմ տարիքը՝ ծերությունը, իսկապես պարգև է։ Եթե կան կանայք, աղջիկներ, որոնք հիստերիա են անում տարիքի համար՝ պետք է գիտակցեն, որ շատերը կյանքից հեռանում են տարիք չապրած ու կնճիռ չտեսած։  Ինձ համար կան շատ ավելի մեծ վախեր, իսկ տարիքիս համար՝ միայն ուրախանում եմ, քանի որ ևս մեկ տարի ընտանիքիս հետ ապրել եմ երջանիկ և լավ»։  

Ըստ Գոհարի՝ տարիներն ինքը գնահատում է ըստ ձեռքբերումների, իսկ դրանք, բնականաբար, քիչ չեն․ «20 տարեկանի համար 40-ը բավականին մեծ տարիք է, 60 տարեկանի համար՝ դեռ երիտասարդ։ Տարիքին ես միշտ նայում եմ ըստ ձեռքբերումների՝ հետ եմ նայում և զգում, որ  այն բոլոր հաջողությունները, որոնք ես գրանցել եմ, եղել են ոչ թե ուղղակի կամ այն պատճառով, որ ես հաջողակ աստղի տակ եմ ծնվել, այլ ես իսկապես դրանց համար քրտնաջան աշխատել եմ, ձգտել։ Պետք է հետ նայել և տեսնել, թե դու ինչ ես արել քո կյանքում։ Շատ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնք ես գնահատում եմ, և, ըստ իս, սա դեռ շատ երիտասարդ տարիք է, հաշվի առնելով այն, որ ես այսքան բան արդեն իսկ հասցրել եմ անել»։

Գոհար Հարությունյան

Ինչ վերաբերում է տարեդարձը նշելու նախընտրելի տարբերակին՝ Գոհարն ասաց՝ սիրում է համեստ հավաքույթներ և ընտանեկան, հարազատ միջավայր․ «Ամուսինս կողմնակից է ճոխ տարեդարձների, և ինքը դեռ երկու ամիս առաջ է հարցնում, թե ոնց եմ նշելու, ինչ ծրագերեր ունենք, սակայն միշտ ավարտվում է այնպես, ինչպես ես եմ ուզում՝ ավելի համեստ ու փոքրիկ։ Երեկ էլ մենք միայն ընտանիքով ենք եղել՝ ինքս սնահավատ չեմ, բայց, ամեն դեպքում,  ինձ հաճելի է փոքր կազմով նշել»։  

Ըստ գեղեցկուհու տիտղոսակիր մայրիկի՝ մայրանալուց և ընտանիքի համալրումից հետո տարեդարձի խորհուրդն էլ ավելի է հետաքրքրանում։

«Երեխաներն իրենց ձեռքով պատրաստած բացիկներ են նվիրում։ Օրինակ՝ ամուսինս երբեք չի սիրել ծաղիկներ նվիրել և հիմա շատ հաճելի է, որ տղաս է ինձ ծաղիկներ նվիրում։ Որքան շատ են երեխաներն, այնքան ինքդ քեզ կարևոր ես զգում՝ կեսգիշերից հետո սկսում են արթնացնել, շնորհավորել։  Տարեդարձի կարևորությունն իհարկե չի կորում, քանի որ, ըստ իս, կանայք երբեք չպետք մոռանան իրենց անձի  մասին՝ իր հաճույքների, ուրախության և չպետք է այնքան անմնացորդ տրվի, որ մոռանա իր ինքնության  ու անգամ տարեդարձի մասին»,- ասաց Գոհարը։  

Գոհար Հարությունյան

Աղբյուր՝ tert.am

 

Կիսվել նյութով