Մամուլ

Հայրս զրույցում ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ․ Ռուբեն Վարդանյանի որդի

Հայրս զրույցում ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ․ Ռուբեն Վարդանյանի որդի

CNN-ի հաղորդավար Քրիսթիան Ամանփուրը զրուցել է Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։

Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան  9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։ Բայց դրանից առաջ նա ամեն երեքշաբթի կարողանում էր զանգել, խոսել մորս հետ։

Ապրիլի 2-ից մենք նրա ձայնը չենք լսել, ու շատ մտահոգված ենք նրա վիճակով` հաշվի առնելով, որ հայրս հայտնի հայ բարերար է և ունի շատ հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի իրավունքների վերաբերյալ։ Մենք միայն անցած շաբաթվա վերջին ենք իմացել, որ նա ապրիլի 5-ից հացադուլի մեջ է։ Մենք կարծում ենք, որ հորս կապն արտաքին աշխարհի հետ կտրել են բողոքի իր ձայնը լռեցնելու համար, որի պատճառով էլ նա հացադուլ է սկսել։

Շաբաթ օրը հորաքույրս հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, ինչը անսովոր էր, քանի որ հանգստյան օրերին զանգ չէինք սպասում։ Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ նա հայտնել է որ իրեն տեղափոխել են լիակատար մեկուսացված խուց, ինչը նշանակում է, որ նրա պահման պայմաններն ավելի են վատացել հացադուլից առաջ, երկրորդը՝ նա հայտնել է, որ առողջությանը հետևելու առումով միայն արյան ճնշումն են չափում՝ օրը մեկ անգամ։

Ու սա արդեն մոտ 20 օր հացադուլի մեջ գտնվող մարդու դեպքում, ինչը նշանակում է, որ չկա բժշկական որևէ հսկողություն։ Եվ հեռախոսազրույցի վերջում նա մի արտահայտություն է արել, որից մենք շատ ենք մտահոգվել․ նա ասել է, որ հիմա շատ ավելի լավ է հասկացել իր համահիմնադրած «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին, բոլոր նրանց, ովքեր ռիսկի տակ են դնում իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար, և հավելել է․ «Հիմա ես հասկանում եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան կյանքը»։

Ձեզ դա մտահոգել է, որովհետև նա ձեզ փաստացի փոխանցել է, որ իր կյանքը վտանգվա՞ծ է։

Այո, և ճանաչելով հորս, որը մշտապես հանդես է եկել հայերի պաշտպանության դիրքերից, մշտապես համոզված է եղել, որ, Հայաստանն ու Ադրբեջանը լինելով հարևաններ, իհարկե պետք է համագոյակցեն, բայց միևնույն ժամանակ չի կարող լինել այնպես, որ կողմերից մեկը լինի բռնաճնշող, մյուսը՝ բռնաճնշվող, մենք կարծում ենք, որ օրերի ընթացքում փախստական դարձած հայերի իրավունքների համար պայքարը նրա համար դարձել է ավելի կարևոր, քան իր կյանքը, դարձել է մի բան, որի համար նա պատրաստ է մեռնել։

Կիսվել էջում