Մամուլ

Հայրը փախչել է, որդին նրա հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ ու ծեծել

Հայրը փախչել է, որդին նրա հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ ու ծեծել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40–ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։

2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40–ամյա որդին, հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

2024թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32–ամյա բնակչուհիները:

Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64–ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ապա նաև 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում։

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն՝ 40–ամյա տղամարդը հաշվառված է հիշյալ ՓԲԸ-ում։ Պարզվել է, որ մարտի 7-ին հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո նշված անձը Ոստիկանության կողմից տեղափոխվել է նշված հոգեկան առողջության կենտրոն, սակայն հետագայում վերջինս վերադարձել է իր բնակության վայրը։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ սպանության դեպքի վայր հանդիսացող բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, իսկ նախասրահի հատակին հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման հետքերով:

Քննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 7–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորեն Խաչատրյան փողոցում գտնվող տանը 40–ամյա տղամարդը, հորը ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո հայրը փորձել է փախչել՝ վազելով ննջասենյակի դռան ուղղությամբ:

40–ամյա տղամարդը վազել է նրա հետևից, հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ, որտեղ հատակին գցելով՝ ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավով զուգորդված մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2024թ․ մարտի 24–ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 40–ամյա տղամարդը, նախորդ օրը՝ երեկոյան, հարևանի կողմից իր կանչին չարձագանքելու պատճառաբանությամբ, սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, խուլիգանական դրդումներով, մտել է հարևան տուն, դանակով հարվածներ է հասցրել հիշյալ տան 64 և 32–ամյա բնակչուհիների մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կանանցից մեկը բժշկական կենտրոնում մահացել է, իսկ մյուսին հաջողվել է համապատասխան բուժօգնություն ցույց տալ և փրկել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ, որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն կիրառելու վերաբերյալ։

Միջնորդությունը բավարարվել է, և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ին:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները։

Կիսվել էջում