Մամուլ

Հայտնի է Երևանում սպանվածը ով է և ովքեր են մեղադրյալները

Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նորք–Մարաշ վարչական շրջանի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում օտարերկրացու դի է հայտնաբերվել` ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

Նշենք, որ սպանվածը 24 տարեկան Վալենտ Տամբուտոն էր, նա ՏՏ մասնագետ էր։

Հայաստանի քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննության շրջանակում 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «սպանություն մի խումբ անձանց կողմից» հոդվածով։

«Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ը` ձերբակալվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՔԿ-ից։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ բոլորը Ինդոնեզիայի քաղաքացիներ են։

Սպանվածի եղբայրը՝ Առնոլդ Տամբուտոն, ԶԼՄ-ներին հայտնել է, որ վարկածներից մեկի համաձայն` սպանության շարժառիթը կապված է ֆինանսական հարցի հետ․ ենթադրյալ հանցագործները պարտքով փող էին վերցրել սպանվածից։

Բացի այդ, տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են երիտասարդին ներքաշել հանցավոր սխեմայի մեջ, սակայն նա հրաժարվել է։

Կիսվեք ձեր էջում