ԱշխարհՄամուլ

Հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Ադրբեջանի ԱԳՆ քարտուղար

Հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Ադրբեջանի ԱԳՆ քարտուղար

Ռուս խաղաղապահները Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած միջադեպը կարգավորել են Բաքվի օգտին։ Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Տելեգրամյան ալիքներում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում։

Հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը․ Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ եղած շրջաններին, գրում է Коммерсантъ-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության վերադարձնելով դրա նախկին տեսքը։ Եթե դեկտեմբերի 13-ի քարտեզի վրա խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ընդգրկված էին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ի՝ ուղղված տարբերակում դրանք նշված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

զինվոր

Ավելին՝ «պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով ընդգծվել է խաղաղապահ առաքելության գոտին։ Այն նշված է որպես «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գծից դուրս։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ը Հադրութից ոչ հեռու գտնվող 2 գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողություններն ադրբեջանական զորքերի և հայկական ջոկատների միջև։ Իրավիճակի սրացումը հանգեցրել է ռուս խաղաղապահների հասցեին առաջին լուրջ քննադատությանը։ Ընդ որում, այն հնչել է 2 կողմերից։

Երևանում և Ստեփանակերտում համաձայնագրի տեքստն այլ կերպ են մեկնաբանում։ Հայ պաշտոնյաներն այս թեման հրաժարվել են մեկնաբանել, բայց անանունության պայմանով զրույցներում հասկացրել են, որ, իրենց կարծիքով, համաձայնագրի 4-րդ կետը վերաբերում է միայն Քարվաճառի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք Ադրբեջանին են հանձնվել մինչև դեկտեմբերի 1-ը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը խորհրդային տարիներին մտնում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա այնտեղ, ըստ թերթի հայ զրուցակիցների, պետք է իրականացվի համաձայնագրի մեկ այլ կետ՝ առաջին կետը։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին լիակատար հրադադարից հետո «Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Հետևաբար, Հադրութի մոտակայքում գտնվող դիրքերը նույնպես պետք է մնան հայկական զորքերի և աշխարհազորայինների վերահսկողության տակ։

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Коммерсантъ-ին հավաստիացրել է, որ նման մեկնաբանությունը սխալ է, և հայկական զորքերը պետք է հեռանան Ղարաբաղի ամբողջ տարածքից:

Ընդ որում, ռուս խաղաղապահների վերջնական որոշումը՝ լքել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, կարող է բացասաբար ընկալվել Երևանում, հավելել է աղբուրը:

Կիսվել էջում